Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուն դատական հայց է ներկայացրել Ստամբուլի գլխավոր դատախազություն' պարբերականի ինտերնետային կայքը հաքերային հարձակման ենթարկելու, ինչպես նաև «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի դեմ հնչեցվող սպառնալիքների կապակցությամբ: Դատական հայցում ներկայացված է, որ հունվարի 20-ին և 25-ին «Ակոս»-ի պաշտոնական կայքը անհայտ անձանց կողմից ենթարկվել է հաքերային հարձակման, ինչի արդյունքում մուտքը կայք միառժամանակ անհնար է եղել: Բաքըրջըօղլուն հայտնել է, որ նմանօրինակ գործողություններով խախտվել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 224-րդ հոդվածը:

 

«Ակոս»-ի կայքի վրա գործած հարձակումից հետո @BIBERIN_GAZI անունով մի օգտատեր Twitter-ում սկսել է սպառնալիքներ հնչեցնել Ռոբեր Քոփթաշի հասցեին: Սպառնալիքների մեջ եղել են տարբեր հայհոյախառն արտահայտություններ: Դրանց հեղինակը սպառնացել է' ասելով. «Հերթը քեզ էլ է հասնելու»: Հաքան Բաքըրջրօղլուն պահանջել է, որպեսզի թուրքական դատարանը պարզի օգտատերի ինքնությունը և նրա դեմ դատական գործ հարուցի քրեական օրենսգրքի 106-րդ և 125-րդ հոդվածների հիման վրա: