«Ներազգային ազատագրական շարժման» հիմնադիր Վահան Մարտիրոսյանի պնդումները գազը կալորիազրկող սարքի վերաբերյալ անհիմն են և անհեթեթ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը։ Նրա խոսքով՝ Վահան Մարտիրոսյանի պնդումներն անլուրջ են և արժանի չեն մեկնաբանման։ «Ասուլիսում Վահան Մարտիրոսյանի արած հայտարարությ ունները ես որակում եմ անհեթեթ։ Դրանք որևէ մասնագիտական ուսումնասիրություն և փորձագիտական եզրահանգում չեն պարունակում։ Ես մեկնաբանություն չունեմ մի հարցի շուրջ, որն անհիմն է»,-ասաց Սարդարյանը։ Նա նշեց, որ Մարտիրոսյանը չի ներկայացնում որևէ փաստ և չի տալիս այն մարդու անունը, որին ներկայացնում է իբրև «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակից։

 

Փետրվարի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ «Ներազգային ազատագրական շարժման» հիմնադիր Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց մի լուսանկար, որտեղ, ըստ նրա պնդումների, պատկերված է մի սարք, որով գազը ազոտի միջոցով կալորիազրկվում է և ավելանում է գազի ծավալը։ Նա նշեց, որ այդ լուսանկարն իրեն է տրամադրել «ՀայՌուսգազարդի» մի աշխատակից։