Թուրքիայի խորհրդարանական միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) Բաթմանի բաժանմունքի համանախագահների թեկնածուներ Սաբրի Օզդեմիրը եւ Գյուլիստան Աքելը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել են, որ պատրաստվում են ընտրություններում հանդես գալ մի ցուցակով, որում ընդգրկված կլինեն նաեւ ազգությամբ հայ թեկնածուներ:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, ասուլիսում Գյուլիստան Աքելն ասել է, որ կուսակցության գլխավոր նպատակը Ժողովրդավարական ինքնավարություն կառուցելն է, որը, իր խոսքով' ոչ միայն քրդերի համար է, այլ նաեւ կվերաբերի կրոնական եւ լեզվական մյուս բոլոր փոքրամասնություններին:

 

ԽԺԿ-ի վարչական խորհրդի անդամ Նեզիր Գյուրջանը հայտարարել է, որ Բաթմանի նահանգային եւ քաղաքային խորհուրդների կազմում ընտրվելու համար իրենց առաջադրած թեկնածուների ցուցակը կհրապարակեն փետրվարի 18-ին: «Ցուցակում ընդգրկված են նաեւ ազգությամբ հայեր, եզդիներ, արաբներ»,- ասել է նա:

 

Նրանք հայտարարել են, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում հաղթանակելուց հետո հանրության բոլոր հատվածների ակտիվ մասնակցությամբ ձեռնամուխ են լինելու Բաթմանն արդիականացնելու եւ ժամանակի պահանջներին համահունչ քաղաք դարձնելու գործին:

 

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին: