Երևանի կրկեսի վերակառուցման նախագծերն անցել են փորձաքննության բոլոր փուլերը և պատրաստ են շինարարության թույլտվության լիազորագրմանը: Փետրվարի 12-ին հրավիրված ասուլիսում Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ ինքը շինարարական նախագծերն անձամբ է դիտարկել:

 

«Առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում երևանցիները ոչ թե վերակառուցված կրկես կունենան, որը նախկինում նախատեսվում էր, այլ կրկեսը կվերածվի շոու հանդիսությունների միջոցառման հնարավարություններ ունեցող մի մեծ բազմաֆունկցիոնալ կառույցի»,-տեղեկացրեց Բարսեղյանը:

 

Նրա խոսքով, նոր կառույցը ավելի հետաքրքիր կլինի մեծահասակների և երեխաների համար: Շինարարական աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամկետները դեռևս հստակեցված չեն:

 

Կրկեսի նոր շենքի արտաքին մի շարք մանրամասներ հին շինությունն են հիշեցնելու։ Սակայն նոր շենքը համապատասխանելու է այդ կարգի կառույցների համար եղած արդի միջազգային չափանիշերին և նախկին 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ' 3 փոխարկվող մանեժ։

 

Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր կլինի և ժամանակակից բեմական տեխնիկայով հագեցած։ Երևանի կրկեսի շենքը որոշվել էր քանդել այն բանից հետո, երբ փորձագետները հանգել էին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը: