Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնման շինաշխատանքները կտևեն երկու տարի, իսկ ներդրումները կկազմեն 3,8 մլն դոլար: Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը տեղակայվելու է այժմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին (Պոլիտեխնիկ) պատկանող Վանաձորի Շինարարների 12 հասցեում գտնվող մասնաշենքի տարածքում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի խոսքով՝ կենտրոնը կունենա 20 ընկերություններ՝ 200 աշխատատեղով: «Այս լավ լուրը պետք է հասցնել Վանաձոր, որպեսզի վանաձորցիներն իմանան: Սա լավ լուր է նաև երիտասարդների համար»,-  ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Միաժամանակ, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ճանաչվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների գլխավոր օպերատոր: «Հաշվի առնելով Գյումրիում տեխնոլոգիական կենտրոնի հիմնման հաջողված մոդելը' նախատեսվում է համանման տեխնոլոգիական կենտրոն ստեղծել նաև Վանաձորում: Այն հիմք կհանդիսանա ոչ միայն մարզի տնտեսական զարգացման և կենսամակարդակի բարձրացման համար, այլև հնարավորություն կընձեռի ձևավորել տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց, որը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ մեկտեղ կստեղծի առավել հիմնավոր նախադրյալներ Հայաստանի ընդհանուր տեխնոլոգիական առաջընթացի, մրցունակության և վարկանիշի բարձրացման համար: Վանաձոր քաղաքի ընտրությունը պայմանավորված է մի քանի կարևորագույն հանգամանքներով, այն է՝ նախկին արդյունաբերական հզորություններ, տեխնոլոգիական զարգացման առկա ներուժ, համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքների, կրթական հաստատությունների և տեխնոլոգիական ավանդույթների առկայություն»,- նշված է նախագծիհիմնավորման մեջ:

 

Գյումրու տեխնոպարկը, որի շենքի շինաշխատանքներն ավարտվել են, նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկայում: ՏՏ ոլորտի մի շարք խոշոր ընկերություններ արդեն ցանկություն են հայտնել տեղակայվել Գյումրու տեխնոպարկում: