Հայաստանից արտահանվող խաղողի գինու ծավալն անցյալ տարի 2012 թվականի համեմատ ավելացել է մոտ 18 տոկոսով և կազմել 1 միլիոն 398 հազար 500 լիտր: Արտահանված գինու մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 4.2 միլիոն դոլարը:

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2012 թվականին մեր երկրից արտահանվել է 1 միլիոն 186 հազար 200 լիտր խաղողի գինի: Հայաստանից արտահանվող գինու մեծ մասը գնել է Ռուսաստանը: Անցյալ տարի Հայաստանից Ռուսաստան գինու արտահանում աճել է 27.6 տոկոսով և դարձել 1 միլիոն 228 հազար 600 լիտր՝ 2012 թվականի 962 հազար 600 լիտրի դիմաց:

 

Միաժամանակ, նախորդ տարի մեր երկիրը մոտ 4 տոկոսով նվազեցրել է խաղողի գ ինու ներկրումը, որը կազմել է 356.4 հազար լիտր: Մասնավորապես, Ֆրանսիայից ներկրվող գինու ծավալը նվազել է և 108.8 հազար լիտրից դարձել 61.3 հազար լիտր:

 

Ներկրված գինու մաքսային ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 2 միլիոն դոլար կամ արտահանվածի գրեթե կեսը, այն դեպքում, երբ գինու ներկրման ծավալը 4 անգամ զիջել է արտահանման ցուցանիշինը, ինչը ցույց է ըտալիս, որ Հայաստան է ներկրվում թանկարժեք գինի:

 

Անցյալ տարի 2012 թվականի համեմատ Հայաստանում գինու արտադրության ծավալն աճել է 12.3 տոկոսով և կազմել ավելի քան 6.4 միլիոն լիտր: