Mediamall.am-ը առանձնացրել է օրվա կարևոր նորությունները.

 

Ադրբեջանը նավթի անակնկալ բանակցություններ է սկսել Ռուսաստանի հետ

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Բաքու-Նովոռոսիյսկ նավթատար խողովակաշարով Ռուսաստանի վրայով նավթ արտահանելու վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու շուրջ անակնկալ բանակցություններ է սկսել: Այս մասին հայտնում է virtualaz.org-ը:

Նշվում է, որ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ փետրվարի 10-ին հանդես է եկել SOCAR-ի ղեկավարությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն անցյալ տարի միակողմանիորեն դադարեցրել էր Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով նավթ փոխադրելու վերաբերյալ 1996 թ. ստորագրված համաձայնագիրը, որի գործողության ժամկետը լրանում է 2014 թ. փետրվարի 14-ին:

 

***


Վարդան Սեդրակյանը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան

Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան իր' նկատմամբ կայացրած դատավճիռը բողոքարկելու հարցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: «Մենք հիմա քննարկում ենք մեր հետագա քայլերը և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը»,- ասաց Սիրունյանը՝ ընդգծելով, որ դա ժամանակ պահանջող աշխատանք է:

Նա տեղեկացրեց, որ Վարդան Սեդրակյանը լյարդի հետ կապված առողջական խնդիրներ ունի, սակայն նրա տրամադրությունը բարձր է: «Հիվանդությունն այնքան էլ ծանր չէ, բայց անհանգստացնում է»,- նշեց Սիրունյանը:

Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը մեղավոր է ճանաչվել ԱԻՄ առաջնորդ, նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու մեջ եւ դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։

 

***


Թուրքիայի իշխող կուսակցությունից զանգվածային հրաժարականները շարունակվում են

Թուրքիայի շխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցութունից (ԱԶԿ) զանգվածային հրաժարումներն ավելի մեծ թափ են ստացել այն բանից հետո, երբ դեկտեմբերի կեսերին բացահայտվեց երկրում կոռուպցիոն գործարքներին կառավարության անդամների մասնակցությունը:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր»-ի համաձայն' ԱԶԿ-ից հեռանալու մասին այսօր հայտարարել են Գյոլբաշի նախկին քաղաքապետ Ռամազան Շիմշեքը, կուսակցության եւս 900 անդամներ: ԱԶԿ արդեն նախկին անդամները հայտարարել են, որ այդ քայլին դիմել են կուսակցության վարչական խորհրդի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին նման պատճառաբանություններով ԱԶԿ շարքերից 1000-ից ավելի անդամների հեռանալու մասին:

 

***


Մայդանցիներին մեղադրանք է առաջադրվել երկրի գերատեսչությունների ղեկավարների լուսանկարներն այրելու համար

Ուկրաինայում քրեական գործ է հարուցվել, որը կապված է երկրի իրավապահ գերատեսչությունների ղեկավարների լուսանկարների հրկիզման հետ: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Ըստ տվյալների՝ ցուցարարները վառել են Ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի և գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկիի լուսանկարները: Ցուցարարներին սպասվում է վեցամսյա կալանք կամ 5 տարվա ազատազրկում:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են Զախարչենկոյին պատասխանատվության ենթարկել՝ նոյեմբերի 30-ի գիշերը մայդանցիներին ուժով ցրելու համար:

 

***

Սերժ Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել

 

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Թադևոսյանին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին: Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի փետրվարի 7-ի եզրակացությունը' որոշում եմ.

Սամվել ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով' Արկադիկ Մկրտչյանը նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:

 

***


Լրագրողի նկատմամբ բռնությունը քրեորեն պատժելի է. ՄԻՊ արձագանքը՝ Անի Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպին

Մենք լրջորեն անհանգստացած ենք ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպով: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են և խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից:
Նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ, խիստ և համաչափ արձագանքն է։
Առաջնորդվելով բոլոր անձանց անմեղության կանխավարկածով՝ միաժամանակ զերծ ենք մնում առավել հստակ գնահատականներից և ակնկալում ՀՀ հատուկ քննչական ծառայության պատշաճ և բազմակողմանի քննությունը, ինչպես նաև դրա արդյունքների վերաբերյալ հանրությանը սեղմ ժամկետներում իրազեկումը:
ՄԻՊ Կարեն Անդրեասյան

 

***


ԱՄՆ-ում ձնաբուքն առանց լույսի Է թողել ավելի քան 700 հազար տուն

ԱՄՆ-ի հարավ-արեւելքում ավելի քան 700 հազար տուն առանց Էլեկտրականության Է մնացել ձնաբքի պատճառով: Այդ մասին փետրվարի 13-ին հաղորդել Է CNN հեռուստաալիքը:

Հատկապես տուժել Է Հարավային Կարոլինայի նահանգը, որտեղ առանց լույսի Է մնացել 220 հազար տուն: «Եվրոնյուս» հեռուստաալիքի տվյալներով՝ տարերքի զոհ Է դարձել 13 մարդ: Ավելի վաղ հաղորդվել Էր անբարենպաստ եղանակի պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարներից 11 մարդու զոհվելու մասին:

Բացի այդ, ինչպես հաղորդել Է ABC News-ը, փետրվարի 13-ին չեղյալ Է հայտարարվել շուրջ 4,5 հազար ավիաչվերթ:

 

***


Բաքվում օրվա ընթացքում եւս երկու պայթյուն է տեղի ունեցել. կան զոհվածներ

Այսօրվա ընթացքում Բաքվում եւս երկու պայթյուն է տեղի ունեցել: Վերանորոգման աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի է ունեցել Խաթայիի շրջանում գտնվող LUKoil բենզալցակայանում: Պայթյունի հետեւանքով զոհվել են բանվորներ Շամխալ Օրուջեւը եւ Հասրեթ Իմամվերդիեւը: Պայթյունի պատճառով առաջացած հրդեհը մարել են մի քանի հրշեջ հաշվարկներ:

Բաքվի Բիլյասուվարի շրջանում Հեյդար Ալիեւի անվան պողոտայում պայթել է բենզատար ավտոմեքենան: Պայթյունի պատճառը հայտնի չէ: Բենզատարի պայթելու հետեւանքով զոհվել է վարորդ Շահին Ջաֆարովը, մի քանի մարդ էլ վիրավորվել են:

Այսօր առավոտյան Բաքվի «Ազադլըգ պրոսպեկտի» մետրոյի կայարանի մոտ կառուցվող բնակելի շենքի նկուղում հզոր պայթյուն էր տեղի ունեցել, որի հետեւանքով երեք մարդ տուժել են: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ այն լսվել եւ զգացվել է շրջակայքի տներում: Նախնական տեղեկությամբ' պայթյունը տեղի էր ունեցել գազի արտահոսքի պատճառով: