Հայաստանն ու Արցախը շատ արագ ձեռնամուխ եղան միմյանց կապող ռազմավարական, սոցիալ-տնտեսական կարևոր նշանակության նոր ավտոճանապարհի կառուցմանը: Միջոցներն այդ նպատակով հանգանակվում էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2013թ. ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում, իսկ 2014թ. սկզբին արդեն մեկնարկել են ու սահուն կերպով ընթանում են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարական աշխատանքները:

 

Ինչպես  հայտնեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի շինարարական բաժնից, ներկայում ճանապարհի կառուցման աշխատանքներում ներգրավված է վեց շինարարակական կազմակերպություն: «Եղանակը բարենպաստ է, և արդեն 10-15 օր է, ինչ շինարարակական կազմակերպություններն իրականացնում են հողային աշխատանքները»,-հաղորդեցին հիմնադրամի շինարարական բաժնից' նշելով, որ աշխատանքները հատկապես ընթանում են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի արցախյան հատվածում:

 

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը կձգվի 116 կմ, նոր ճանապարհի տակ կտեղադրվեն ջրահեռացման համակարգեր' անձրևաջրերից քայքայվելուց ճանապարհը պաշտպանելու համար: Վաթսուն տոննա բեռնատարողության համար նախատեսված ճանապարհին մերձակա լեռնալանջերը կամրացվեն: Կկառուցվեն արտաքին և ներքին արգելապատնեշներ, մի դեպքում' ժայռի և ճանապարհի միջև' քարաթափերից պաշտպանելու համար, մյուս դեպքում' ճանապարհի և ձորերի միջև: Ճանապարհի երկայնքով կգտնվի 30 գյուղ, կանցկացվեն ճանապարհային 16 կամուրջներ:

 

Հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հայերը «Դեպի Արցախ» խորագրող 16-րդ ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ 2013թ. նոյեմբերի 29-ին հանգանակեցին ավելի քան 22 միլիոն 661 հազար 372 դոլար: