Ժնեւում բանակցությունների սկսվելուց հետո Սիրիայում հինգ հազար մարդ է զոհվել:

 

Այդ մասին փետրվարի 13-ին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը:

 

«Հաղորդվում է, որ Ժնեւում բանակցությունների սկսվելուց ի վեր գրեթե հինգ հազար մարդ է սպանվել: Սա ամենամահաբեր շրջանն է պատերազմի ողջ ընթացքում»,- ասել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ հանդիպման ավարտից հետո, որը նվիրված էր Սիրիայի հումանիտար իրադրությանը:

 

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման՝ դիվանագետը կոչ է արել Անվտանգության խորհրդի անդամ մյուս երկրներին գիտակցել, որ Սիրիայի իրադրությունը միայն ավելի է վատթարանում եւ պահանջում է ձեռնարկել անհապաղ միջոցներ: Փաուերը հանդես է եկել ի պաշտպանություն Ավստրալիայի, Հորդանանի եւ Լյուքսեմբուրգի պատվիրակությունների կողմից փետրվարի 11-ին ներկայացված բանաձեւի նախագծի, որը վերջնագրի ձեւով պահանջում է ապահովել բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը եւ պատժամիջոցների սպառնալիք է բովանդակում: