Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում փետրվարի 15-ին նշվեց ավանդական դարձած «Գյումրու ձմեռ» միջոցառումը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի այն համընկավ երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի հետ և մարզական միջոցառումները համեմվեցին մշակութային ու ազգային տարրերով: Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջոցառմանը մասնակցում էին քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզները, մարզական և մշակութային հաստատությունները, քաղաքի դպրոցները և հարյուրավոր գյումրեցիներ, ովքեր եկել էին մասնակից լինելու հետաքրքիր մարզամշակութային միջոցառման: Պարանի ձգում, շախմատ, դահուկավազք, կշռաքարերի բարձրացում և այլ մարզաձևեր անցկացվեցին մշակութային համույթների և անհատ կատարողների ելույթների ներքո, իսկ ձմեռային տեսարանը տեղում իրենց կտավներին էին հանձնում Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաները: Ամենուր նաև հյուրասիրություն էր՝ քաղաքապետարանի մշակույթի բաժնի կողմից ներկաներին բաժանվեցին աղի բլիթներ, իսկ Գյումրու կայազորի շարժական խոհանոցը բոլորին հրավիրում էր համտեսելու ավանդական հարիսան:

 

«Մշակութային մայրաքաղաք դառնալը մեզ պարտավորեցրեց. այսուհետ քաղաքում ինչ միջոցառում ու տոնախմբություն անենք, պետք է անենք մշակութային մայրաքաղաքին բնորոշ: Այս տարի փորձեցինք «Գյումրու ձմեռ»-ը և Սբ Սարգիսը համատեղել և գյումրեցիներին պարգևել մի գեղեցիկ ձմեռային տոնախմբություն: Փորձում ենք գյումրեցիների առօրյան դարձնել ավելի լեցուն, մշակութային իմաստով հագեցած»,- տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը:

 

Բոլոր մարզաձևերի հաղթողներն արժանացան գավաթների և մրցանակների, պարգևատրվեցին նաև մշակութային համույթները: