Հնդկական դեղագործական ընկերությունները ցանկանում են հարթակ գտել Հայաստանում, որը թույլ կտա մուտք գործել նաև Մաքսային միությանն անդամակցող երկրների շուկա: Լրագրողների հարցին ի պատասխան' այս մասին նշեց «Զարգացման հայկական գործակալության» տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

 

«Մաքսային միությանն անդամակցությունը շատ լավ հնարավորություն է տալիս Հայաստանին դառնալ ներդրումների լավ հարթակ, որը օտարերկրյա ընկ երություններին, որոնք ուզում են մեծ շուկա մտնել, թույլ կտա օգտագործել Հայաստանն ու իր բարենպաստ ներդրումային միջավայրը իրենց գործունեությունը ծավալելու համար»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը' շեշտելով, որ Մաքսային միության երկրների շուկա մուտք ապահովելը Հայաստանի առավելություններից մեկն է:

 

Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունը Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ փետրվարի 3-ին կազմակերպել էր հայ-հնդկական գործարար համաժողով դեղագործության ոլորտում, որին մասնակցում էին դեղագործության ոլորտի 32 հնդկական ձեռնարկությունները:

 

Փետրվարի 14-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ալ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, «Ազադ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս AG» շվեյցարական ընկերությունն ու «Զարգացման հայկական գործակալությունը» Հայաստանում դեղագործության ոլորտի զարգացման, դեղահումքի սինթեզման լաբորատորիա և պիլոտային արտադրություն հիմնելու նպատակ հետապնդող եռակողմ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: