Փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 7-րդ հերթական համագումարը, որից լրագրողների հետ զրույցում իր համար շատ կարևոր խնդիր բարձրաձայնեց ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը:

 

«Այն տղաները, որ երկիրը պահեցին, պատերազմը հաղթեցին' իրենց կյանքի ու ընկերների արյան գնով, էսօր հաց են մուրում, փոխանակ էսօր պետք է վայելեին»,- ասում է պատգամավորը և նշում, որ ինքը ցավ է զգում ազատամարտիկների' այսօրվա անապահով կյանքի համար:

 

Ինչ վերաբերում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին, ով ներկա պահին կալանավորված է խարդախության մեղադրանքով, ասաց.

 

«Ես Վոլոդյայից չեմ հավատում նման բան, ես Վոլոդյային անձամբ լավ ճանաչում եմ: Մոտ ընկերներ ենք, նույն զորամասում ծառայել ենք, ինքը կյանք է դրել էս երկրի պետության ստեղծման, պետության կայացման ու բանակի շինարարության մեջ ու հանկարծ փողով զինվոր ուզի ազատել»:

 

Ռուստամ Գասպարյանի խոսքով' Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրություններ են ներկայացրել, բայց այն արդյունք չի տվել. «Մենք ստորագրել ենք, ուրիշ ի՞նչ կարող ենք անել»,- ասաց պատգամավորը: