Քաղաքացիներ Սարգիս Էլարյանին և Արթուր Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ հայ-վրացական սահմանով մաքսանենգությամբ ապրանք անցկացնելու համար: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նախատեսում է խոշոր չափերով մաքսանենգության հատկանիշներ:

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգիս Էլարյանը 2013թ.հոկտեմբերի 30-ին հայ-վրացական սահմանի Բագրատաշեն հսկիչ անցագրային կետով, իր կողմից վարած «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենայով, Արթուր Կարապետյանի և Տիգրան Կրոյանի հետ միասին ժամանելով Հայաստանի Հանրապետություն' Վրաստանի տարածքում գնված 1.380 000 ՀՀ դրամ արժողությամբ 3 արկղ հրավառության պայթուցիչները և 79 բջջային հեռախոսները, մաքսային վճարումներից խուսափելու և ապրանքները ՀՀ ապօրինի ներմուծելու դիտավորությամբ, դրանք չի հայտարարագրել և ապրանքները սրահում քողարկելով, մաքսային հսկողությունից թաքցնելով, տեղափոխել է ՀՀ տարածք:

 

Իսկ Արթուր Կարապետյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա Վրաստանի տարածքում գնված 1.396175 ՀՀ դրամ արժողությամբ դեղամիջոցները, մաքսային վճարումներից խուսափելու և ապրանքները ՀՀ ապօրինի ներմուծելու դիտավորությամբ, դրանք չի հայտարարագրել և Ս.Էլարյանի ավտոմեքենայի սրահում քողարկելով, մաքսային հսկողությունից թաքցնելով՝ տեղափոխել է ՀՀ տարածք:

 

Իհարկե, այս պահին մի կողմ ենք թողնում մեղադրյալների մեղավորության կամ անմեղության հարցը՝ դրան լուծում կտրվի ապագայում՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, սակայն ողջամիտ հարց է ծագում՝ ինչու են մաքսային մարմինները «բացահայտում» նշված ապրանքատեսակների միայն «խոշոր» չափերի մաքսանենգությունը, իսկ առանձնապես խոշոր չափերինը նրանց ուշադրությունից վրիպում է՝բոլորին է հայտնի, որ հայաստանյան շուկան ողողված է նման ապրանքատեսակներով, թե՞ կարելի է ենթադրել, որ դրանք մաքսազերծված ապրանքներ են:


«Փաստինֆո»