«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը շատ կարևոր բարեփոխում է և միտված է երկրի բարեկեցիկ ապագային: Փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: «Ես բավականին երկար ժամանակ պատգամավոր եմ, և միշտ բարձրացրել եմ երկարաժամկետ ծրագրեր առաջ բերելու հարցը: Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը կառավարության կողմից ներկայացված երկարաժամկետ ծրագիր է, որը միտված է երկրի ապագային»,- նշեց Բաղդասարյանը:

 

Պատգամավորի խոսքով՝ եթե կառավարությունն այսօր նման համարձակ ռեֆորմ է իրականացնում և իր վրա պատասխանատվություն է վերցնում, որ այդ գումարները ոչ մի տեղ չեն կորելու, ուրեմն պետք է վստահել կառավարությանը: «Ես կարծում եմ, որ այսօր մարդիկ բողոքում են միայն նրա համար, որ ապագայի նկատմամբ վստահություև չունեն, և դա հասկանալի է, քանի որ կա ավանդների դառը փորձը: Այս դեպքում ես կառավարությանը չվստահելու հիմքեր չունեմ և կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր համարձակ լինենք և գնանք այս կարևորագույն քայլին»,- նշեց նա:

 

Բաղդասարյանը բնական է համարում, որ մարդիկ դժգոհում են պարտադիր կուտակային համակարգից, սակայն վստահ է, որ ժամանակի ընթացքում, երբ արդեն բոլորը կտեղեկանան օրենքի մասին, կընկալեն այն, կհասկանան, որ այն լուրջ ռեֆորմ է և պետք է համարձակորեն կյանքի կոչել այն:

 

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի կիրառումը կարող է նաև լուրջ հնարավորություններ ստեղծել երկրի տնտեսության զարգացման համար: Պատգամավորը նշեց, որ այս պահին առևտրային բանկերը բիզնես վարկեր են տրամադրում բավականին մեծ տոկոսադրույքներով, ինչը շատ վտանագավոր է փոքր և միջին ձեռնարկությունների համար: Բաղդասարյանի խոսքով՝ գումարների կուտակումից հետո արդեն հնարավոր կլինի մտածել ցածր տոկոսադրույքներով վարկերի մասին, ինչը մեծապես կխթանի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:

 

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքն ուժի մեջ է մտել 2014թ.-ի հունվարի 1-ից: ՀՀ ԱԺ չորս խմբակցություններ' ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ, դեկտեմբերի 16-ին դիմել էին Սահմանադրական դատարան' վիճարկելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների սահմանադրականությունը: Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին կասեցրել է օրենքի որոշ հոդվածներ, որոնք պատասխանատվություն են սահմանում: Օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը ՀՀ Սահմանադրական դատարանը կքննարկի մարտի 28-ին: