Ոստիկանության Տարոնի բաժին է դիմել 1953 թ. ծնված Զոհրաբ Թ.-ն և փետրվարի 16-ին' ժամը 14.10-ին, հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով' իր բնակարանից գողացել են ավտոմեքենայի 30 մարտկոց և չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են փաստաթղթեր' պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկ անները պարզել են, որ գողությունը կատարել են 1988թ. ծնված Արտյոմ Ն.-ն և 1984թ. ծնված Աղասի Փ.-ն, որոնք գողոնը վերջինիս «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել և թաքցրել են Արտյոմ Ն.-ին պատկանող Չուխաջյան փողոցի թիվ 11 շենքի բակում տեղակայված ավտոտնակում: Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գողոնն առգրավված է: Արտյոմ Ն.-ն և Աղասի Փ.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: