Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դիմել Է Եվրամիությանը՝ կոչ անելով անհատական պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր Կիեւում մասնակցել են բռնությունների ծավալմանը: Փետրվարի 19-ին հայտնել Է ֆրանսիական կառավարության ներկայացուցիչ Նաջաթ Վալլո-Բելկասեմը:

 

«Նա կոչ Է արել Եվրամիությանը՝ արագորեն արձագանքել եւ պատժամիջոցներ սահմանելու որոշում ընդունել Եվրամիության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը նշանակված Է փետրվարի 20-ին»,-ասել Է նա:

 

«Ֆրանսիայի իշխանություններն այն կարծիքին են, որ բռնության բոլոր մեղսակիցները պետք Է պատասխան տան իրենց գործողությունների համար, եւ որ ԵՄ-ն պետք Է քննարկի անհատական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը»,-հավելել Է ներկայացուցիչը:

 

Ավելի վաղ ԵՄ-ի Խորհրդի ներկայացուցիչը հայտնել Է, որ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 20-ին Բելգիայի մայրաքաղաքում արտահերթ հանդիպում կանցկացնեն Ուկրաինայի իրադրության շուրջ:

 

«Նկատի առնելով Ուկրաինայում իրադրության խիստ սրվելը՝ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը որոշում Է ընդունել փետրվարի 20-ին գումարել ԵՄ-ի 28 երկրների ԱԳ նախարարների արտահերթ հանդիպում՝ քննարկելու իրադրության նորմալացմանն օժանդակելու նպատակով Եվրամիության հնարավոր գործողությունները»,- ասել Է նա:

 

Էշթոնը պաշտոնապես հաստատել Է, որ Ուկրաինայի իրադրության շուրջ ԵՄ-ի ԱԳ նախարարների արտահերթ հանդիպումը կանցկացվի փետրվարի 20-ին տեղական ժամանակով ժամը 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 17:00-ին):