Շինարարական առաջնահերթ նորմերի մշակումը գերակա խնդիր հայտարարած ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2014-ին նախատեսում է մշակել ևս 9 շինարարական նորմ: Փետրվարի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ նախարար Սամվել Թադևոսյանը հայտնեց, որ 2013 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ մեկնարկել է շինարարական առաջնահերթ նորմերի մշակման աշխատանքը: «Ստեղծված աշխատանքային խումբը քննարկումների արդյունքում ցանկում ընդգրկված շուրջ 80 շինարարական նորմերից առավել առաջնահերթ է համարել 8 շինարարական նորմերի մշակումը: Այս տարի նախատեսվում է մշակել ևս 9 շինարարական նորմ»,-ասաց նա:

 

Սամվել Թադևոսյանի խոսքով' նորմատիվները մշակվում են' հաշվի առնելով մի շարք խնդիրներ, ինչպիսին է նաեւ սեյսմիկ բարձր վտանգավորությունը: «Ամենակարևոր խնդիրն այն է, որ Հայաստանն այսօր գտնվում է սեյսմիկ բարձր վտանգավորության գոտում, այնպես որ հատուկ ուշադրություն է դարձվում դրան: Խնդրով զբաղվող հանձնաժողովն աշխատում է նաև արտակարգ իրավիճակների նախարարության հետ»,-տեղեկացրեց Սամվել Թադևոսյանը:

 

2013 թվականին պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է շուրջ 6 միլիոն 800 հազար դրամի շինարարական և նախագծման աշխատանք, հիմնանորոգվել են 14 օբյեկտներ, իրականացվել և ավարտին հասցվել են 19 օբյեկտների ընթացիկ շինարարական աշխատանքները: