Հայաստանում բարձրացվող խնդրահարույց հարցերի վերաբերյալ փորձում են մեկնաբանություն ներկայացնել, իսկ Ուկրաինայում բողոքող մարդկանց ոչ թե ծեծում կամ ձերբակալում են, այլ' կրակում են նրանց վրա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

 

«Ես չեմ արդարացնում Հայաստանի իշխանություններին, բայց փաստն այն է, որ այստեղ առանձին դեպքերում իշխանությունն արձագանքում է: Ուկրաինայում իշխանության պատասխանն ուղղակի կրակն է մարդկանց վրա: Ուկրաինայի համար եվրոպական ապագան շոշափելի է, իսկ իշխանությունները համարժեք չեն արձագանքում այդ գործընթացին»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

 

Նրա խոսքով' ղարաբաղյան հակամարտության և Թուքրիայի կողմից Հայաստանի շրջափակման հարցերը զսպող մեխանիզմ են Հայաստանում թե' իշխանությունների, թե' ընդդիմության համար:

 

Վերադառնալով Ուկրաինայում վերջին օրերին տիրող իրավիճակին' Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ նախագահ Յանուկովիչը զիջումների չի գնա: «Դրա համար պատճառներ շատ կան: Իշխանությունը քաղաքական մոտեցումներով չի շարժվում: Իսկ երեկ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած երկխոսությունն արդյունք չի տա, քանի որ ընդդիմությունը չի ներկայացնում «մայդանի» ժողովրդին: Ուկրաինացիները սովորել են ազատությանը, և բռնի ուժով տանել նրանց տոտալ համակարգի, հնարավոր չէ»,- ասաց փորձագետը' հավելելով, որ իրավիճակը կարող են փոխել միայն ԱՄՆ-ը և Եվրոպան' համատեղ քայլեր ձեռնարկելով: «Հիմա նրանք պետք է միջամտեն, քանի որ մարդու իրավունքների մասշտաբային խախտում է իրականացվում: Այսօր պետք է ակտիվ քաղաքական քայլեր ձեռնարկվեն միջազգային կառույցների կողմից»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

 

Հարցին, թե ինչպիսին պետք է լինի Ուկրաինայում ապրող 600 հազարից ավելի հայերի դիրքորոշումը «եվրամայդանի» իրադարձությունների նկատմամբ, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ հայ համայնքը' որպես կազմակերպություն, պետք է պահպանի հնարավոր չեզոքություն, իսկ հայերը' որպես քաղաքացիներ, կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքը: «Հայաստանի դիրքորոշումը շատ ճիշտ էր, որով կոչ էին անում խաղաղ ճանապարհով լուծել հակամատությունը: Ուկրաինայի հայ համայանքը' որպես կազմակերպություն, չպետք է ներգրավված լինի այդ գործընթացում: Քաղաքացին, ով ազգությամբ հայ է, կարող է լինել «մայդանում», եթե ունի նման դիրքորոշում, կարող է չեզոք լինել, կամ էլ լինել Յանուկովիչի կողմնակից»,- ասաց փորձագետը:

 

Կիևում փողոցային լայնամասշտաբ գործողությունները վերսկսվել են փետրվարի 18-ին' Գերագույն Ռադայի նիստի օրը, որում ընդդիմությունը պահանջել է վերականգնել խորհրդարանա-նախագահական կառավարման համակարգը, ինչպես նաև 2004 թվականի Սահմանադրությունը:

 

Իրավապահների և ցուցարարների բախման հետևանքով զոհվել է 26 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, նրանց թվում' ոստիկաններ ու քաղաքացիներ: Ավելի քան 160 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է, 400 մարդ դիմել է բժշկական օգնության: