Կիևում ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ Անկախության հրապարակից, Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում է քարե բարիկադների կառուցումը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Անկախության հրապարակում տեղադրված բեմից շարունակում են ելույթ ունենալ ընդդիմության կողմնակիցները: Նրանք մարդկանց կոչ են անում ժամանել Կիև և ասում են, որ այժմ թույլ չեն տա իրենց մատների վրա խաղացնել, ինչպես 2004 թվականին «նարնաջագույն հեղափոխությունից» հետո:

 

«Եթե նոր ղեկավարներ գան իշխանության գլուխ, մենք ուշի-ուշով կհսկենք նրանց: Եթե նրանք մեզ դավաճանեն, մենք նոր Մայդան կկազմակերպենք»,-սպառնում են հռետորները:

 

Հանրահավաքի մասնակիցներն ամրացրել են վերջերս կանգնեցված բարիկադները և կառուցել են նորերը: Գրուշևսկու փողոցում, որը տանում է դեպի Գերագույն ռադա և Կառավարության տուն, «Դինամո» մարզադաշտի մոտ կառուցվել է քարե պարիսպ՝ կես մետր լայնությամբ և շուրջ երկու մետր բարձրությամբ՝ «Բերկուտի» և ներքին գործերի նախարարության մյուս հատուկ ստորաբաժանումների մարտիկներից պաշտպանվելու համար: