Արդեն շուրջ 10 օր է, ինչ արգելանք է դրված Վանաձոր համայնքի բյուջեի վրա: Այս մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը:

 

Տեղեկությունը ճշտելու համար Լուրեր.com-ը փորձեց կապ հաստատել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ: Վերջինս, սակայն, չէր պատասխանում հեռախոսազանգերին: Քիչ անց քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ Դարբինյանը տեղում չէ և թաղման է գնացել:

 

Զրուցեցինք մամուլի պատասխանատու Էդիկ Հովսեփյանի հետ, ով ասաց. «Մենք այսօր պատրաստվում ենք մեր կայքում տեղադրել պարզաբանում: Սպասում ենք ղեկավարի որոշմանը և քննարկում ենք ձևը, որ որպես պարզաբանում տրվի: Դուք հետևեք մեր կայքին»:

 

Որոշ ժամանակ անց փորձեցինք պարզել, թե ե՞րբ է վերջապես հրապարակվելու պարզաբանումը և Հովսեփյանը տվեց նույն պատասխանը՝ նշելով, որ այն դեռևս պատրաստման փուլում է:

 

Նշենք, որ թերթի տեղեկություններով՝ արգելանքի պատճառն այն է, որ Վանաձորի քաղաքապետարանը, ի դեմ քաղաքապետ Սամվել Դարբինյանի, չի կատարել իր առջև դրված պարտավորությունը, որով դեռևս 2011թ. պայմանագիր է կնքել Վանաձորի բնակիչներից մեկի հետ, ում պետք է բնակարան հատկացվեր քաղաքի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում:

 

Բնակարանը, սակայն, պայմանագրով սահմանված ժամկետում չի կառուցվել, և բնակիչը, դիմելով դատարան, բնակարանի գումարն ստանալու իրավունք է ստացել: Դատարանի վճռով քաղաքապետարանը պարտավորվել է բնակչին վճարել շուրջ 38 հազար ԱՄՆ դոլար գումար: Այժմ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը քաղաքի բյուջեի վրա կալանք է դրել: