«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նույնանուն խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի այն տեսակետին, թե պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման հետևանքով Հայաստանում տեղի կունենան Կիևի Մայդանի իրադարձությունները, ասաց, թե միայն «կուտակայինով» Մայդանը պայմանավորելը քիչ է: «Կուտակային համակարգի խնդիրը բավական սուր է դրված և դրան հավելվում են նաև այն խնդիրները, որ այսօր կան Հայաստանում՝ համընդհանուր դժգոհություն, տնտեսական և սոցիալական իրավիճակի վատթարացում, անարդարություն: Այս ամենը կուտակվում է և իրականում կարող է վերածվել մայդանի, ինչո՞ւ ոչ»,– ասում է նա:

 

-Վտանգ տեսնո՞ւմ եք:

 

-Երբ հասարակությունը գոյատևում է, չի ապրում, այ դա է վտանգը: Պետք է սկսել ապրել: Իսկ ապրելու համար պետք է անարդարությունն արմատախիլ անել և, ի վերջո, ամեն մեկին իր տեղը ցույց տալ: Իշխանագողը պետք է լինի բանտում, իսկ արդարամիտը պետք է երկիրը կառավարի: Վտանգավոր չի, նորմալ է. բոլոր երկրներն էլ ինչ-որ մի ճանապարհով իրենց երկրում ի վերջո օրինականություն հաստատում են: Բայց հնարավոր չէ անընդհատ ապրել վախի, անարդարության, աղքատության, արտագաղթի ծանրագույն պայմաններում: Հնարավոր չէ: Մի օր ժողովուրդը կհասկանա և միասնաբար կստեղծի այդ մայդանի հնարավորությունը:

 

- ԱԺ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասել էր, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց առաջ իշխանությունները չհասցրեցին մտածել գյուղի բնակչության և արտագնա աշխատողների կենսաթոշակների մասին:

 

- Նրանք տրանսվերտների միջոցով այսպես թե այնպես ներքաշված են այդ համակարգի մեջ: Ի՞նչ խնդիր կա. արտերկրում աշխատում են, տրանսվերտ են ուղարկում, այդ գումարներն էլ էլի իշխանությունների համար լուրջ փայաբաժին է դառնում, և նրանք նստած ուտում են դրսում չարքաշ կյանքով ապրող մարդկանց հալալ քրտինքի հիմնական մասը: Թող չափսոսան, միևնույն է, իրենք ամեն տեղ փայաբաժին ունեն: Ցավ ապրել պետք չէ, ուղղակի պետք է ճշմարտությանն ուղիղ նայել:

 

-Տիկի՛ն Թադևոսյան, «Հայկական ժամանակ» օրաթերթն այս օրերին վերլուծություն էր ներկայացրել, որտեղ համեմատություն էր անցկացրել Հայաստանի և ԱՄՆ-ի աշխատավարձերի և ապրանքների գների միջև: Դուք, որպես տնտեսագետ, Ձեր սեփական համեմատությունն արե՞լ եք:

 

- Ես ծանոթ չեմ այդ վերլուծությանը, բայց եթե փորձենք ինչ-որ համեմատություններ անցկացնել զարգացած աշխարհի առաջատար երկրի հետ, պետք է ասեմ, որ անհնար է, որովհետև անհամեմատելի երկրներ են: Մեկը որոշում է աշխարհի զարգացման ուղղությունը, մյուսն աշխարհի պոչից կախված մի կերպ գոյություն է քարշ տալիս: Անհամեմատելի են դրանք: Մինչև աշխատավարձերը համեմատելը, պետք է երկրի տնտեսական զարգացման հնարավորությունները, պոտենցիալը և դրանց փաստացի օգտագործումը համադրելի լինի այն երկրի հետ, որի հետ համեմատություն ենք անում: Հայաստանն այսօր ունի գործազրկության, աղքատության, արտագաղթի բարձր մակարդակ: Նման երկիր կա՞ էլի տեսադաշտում, որի հետ հնարավոր լինի համեմատություն անել: Երևի Տաջիկստանն է: Եթե սկսենք համեմատվել Տաջիկստանի հետ՝ համարյա նույն մակարդակի վրա ենք գտնվում: Հետամնաց, աշխարհի զարգացման ուղեծրից դուրս գտնվող երկու երկրներ են, ամեն ինչով իրար համապատասխան: Եթե մեզ պատիվ է բերում այդպիսի համեմատությունը, ուրեմն բերենք համեմատենք: Չկա այդպիսի երկիր:

 

Շարունակությունն այստեղ: