Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այժմ կա Հայաստանի դեմ 1000-ից ավելի չքննված դիմում, որոնց մեծ մասի' շուրջ 600 դիմումի հայցորդները ադրբեջանցիներ են: Հայաստանի դեմ բողոք ներկայացնող ադրբեջանցիները բարձրացնում են ազատագրված տարածքներում իրենց սեփականության իրավունքների հարցերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը նշեց, որ գրեթե նույնքան հայց էլ ներկայացրել են ադրբեջանահայերը' Ադրբեջանից պահանջելով բարոյական եւ ֆինանսական փոխհատուցում կրած զրկանքների եւ տեղահանության համար: Թե ինչ ընթացքով են գնում գործերը, Գյուլումյանը չնշեց' հավելելով, որ գործերի մեծ մասը գտնվում են քննարկման փուլում եւ որպես դատավոր չի կարող որեւէ տեսակետ հայտնել:

 

Ընդհանուր առամամբ, ՄԻԵԴ-ը տարեկան Հայաստանի դեմ մոտ 200 դիմում է ստանում: Հայաստանի քաղաքացիներից ստացվող դիմումները տարբեր բովանդակություն ունեն: Գյուլումյանի ներկայացմամբ, դիմումները հիմնավոր են, ակնհայտ անընդունելի բողոքներ չկան: Նվազում են կրոնական պատկանելության պատճառով զինվորական ծառայություն չանցնելու համար հայցերը: Այս պահին ՄԻԵԴ-ում 3 նման հայց կա: Ըստ Գյուլումյանի, այս հարցում Հայաստանը ոչ թե է պարտվում, այլ պարզապես խնդրի վերաբերյալ պետության դիրքորոշումը չի համընկնում Եվրոպայի խորհրդի դիրքորոշման հետ:

 

Նրա խոսքերով, Հայաստանը Եվրոպայի խորհրդի ցանկում ընդգրկված է միջին թվով դիմումներ ունեցող պետությունների ցանկում: Դա բավարար արդյունք է, սակայն անհրաժեշտ է աշխատել այս ուղղությամբ:

 

Անդրադառնալով հարցին, որ մեկ տարի անց լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, ու՞մ է տեսնում իրեն փոխարինողի դերում, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց. «Դժվար է ինձ համար դա ասելը, քանի որ նոր կարգով պետք է ներկայացվեն թեկնածուները, չգիտեմ ո՞վ կդիմի, ի՞նչ եզրահանգման կգա որոշող մարմինը, բացի դրանից, շուրջ 10 տարի է՝ մի փոքր կտրված եմ Հայաստանից և հնարավոր թեկնածուներին այնքան էլ լավ չեմ ճանաչում»:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան է։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին: Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Դրա խնդիրն է երաշխավորել Կոնվենցիայում ամրագրված իրավունքներն ու երաշխիքները անդամ պետությունները հարգեն: Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաև պետությունների ներկայացրած բողոքները (որոնք հայտնÕ « են որպես «հայցադիմումներ») զննելու միջոցով։

 

Եթե դատարանը գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից և երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն. խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։ 2003թ. ապրիլի 2-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնում է Ալվինա Գյուլումյանը: Մինչ այդ, նա եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ: