Թուրք-սիրիական սահմանի մոտ փետրվարի 23-ին տեղի ունեցած պայթյունից 14 մարդ զոհվել է, ևս 70-ը՝ վիրավորվել: Ականապատ մեքենայի պայթյունը տեղի է ունեցել սիրիական Ատմա գյուղաքաղաքում գտնվող հիվանդանոցի մերձակայքում: Այն գտնվում է թուրքական Հաթայ շրջանի Բուքլումիզ գյուղի մոտ, որը զինված ապստամբների տարածման հիմնական ուղիներից մեկն է համարվում: Հիվանդանոցը պատկանում է Ղասան Աբուդին, ով Սիրիայի ընդդիմության աջակիցներից է, և նրան է պատկանում նաև «Օրիենթ» հեռուստատեսությունը:

 

Նա նաև համարվում է «ԴԱԻՇ» իսլամիստական խմբավորման քննադատներից մեկը, որի անդամները հսկողություն են հաստատել սահմանամերձ մի քանի շրջաններում:

 

Ավելի վաղ' փետրվարի 20-ին թուրք-սիրիական սահմանի Բաբ աս Սալամա անցակետի մոտ տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել էր 6 և վիրավորվել 45 մարդ: Թուրք տեղացիները հաստատել են, որ վերջին շաբաթների ընթացքում մեծացել է Հալեպ քաղաքից գաղթողների թիվը: