Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նախագահությամբ Կարակասի «Միրաֆլորես» պալատում տեղի է ունեցել հանուն խաղաղության համազգային խորհրդաժողովը, որին մասնակցել են քաղաքական տարբեր ուժերի եւ բիզնեսի ներկայացուցիչները:

 

Ընդդիմության ղեկավարները հրաժարվել են մասնակցել այդ միջոցառմանը՝ այն համարելով երկխոսության նմանակում եւ ծաղր քաղաքացիների նկատմամբ, սակայն ընդդիմադիր ուժերի առանձին ներկայացուցիչներ, այդուամենայնիվ, եկել էին նախագահական պալատ: Հանդիպումը Մադուրոյի կողմից կազմակերպվել էր բողոքի զանգվածային ակցիաների պայմաններում, որոնց հետեւանքով, նրա իսկ տվյալներով, ավելի քան 50 մարդ է զոհվել:

 

«Մենք այս ազգային խորհրդաժողովը հրավիրել ենք բոլոր վենեսուելացիների համար առանց վերապահումների, ոչ մի պայման կամ օրակարգ ես չեմ նշել, ես ձեզ հրավիրել եմ, որպեսզի մենք խաղաղություն հաստատենք մեր բոլորի միջեւ»,- ասել է Մադուրոն:

 

Նախագահն առաջարկել է ստեղծել հասարակության տարբեր խավերի միջեւ կոորդինացման եւ կապերի հանձնաժողով, որը կզբաղվի երկրի խաղաղեցմանն ուղղված հնարավոր բոլոր առաջարկությունների քննարկմամբ: Դա վերաբերում է նաեւ ընդդիմության առաջնորդներին, ովքեր չեն եկել հանդիպմանը, նշել է Մադուրոն:

 

Պետության ղեկավարը երկխոսության հաստատման եւ իրադրության նորմալացման հանգուցային պայման է համարել այն, որ բոլոր կողմերը հարգեն երկրի Սահմանադրությունը: Նա նաեւ կարեւորել Է բռնությունների անհապաղ դադարեցումը, ինչպես նաեւ միավորվելը հնարավոր օտարերկրյա ագրեսիայի դեմ հանդիման Վենեսուելան պաշտպանելու գործում: Մադուրոն խոստացել է համաշխարհային մակարդակով խորհրդաժողով գումարել Վենեսուելայում խաղաղության շուրջ երկխոսությունը քննարկելու համար: