«Քանի դեռ դուք կաք, դուք չեք թույլ տալու բացահայտվի ձեր օրոք տեղի ունեցած սպանդը, սա քաղաքական այբուբեն է, մեղադրանք չէ»,-այսօր' Ազգային ժողովում Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը' դիմելով ՀՀԿ-ին:

 

Արզումանյանի խոսքով՝ այդ ժամանակ կար երկու կողմ՝ մի կողմից ողջ համակարգն էր՝ կազմված նախագահից, վարչապետից, քննչական ծառությունից, ԱԱԾ-ից, ոստիկանությունից, իսկ մյուս կողմից' մարդիկ էին, որոնց բանտ էին նետել:

 

Անդրադառնալով նախագծի հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին տրված հարցերի բովանդակությանը' Արզումանյանն ասաց.

 

«Հարցեր տայիք Ռոբերտ Քոչարյանին, ով հեռուստատեսությամբ հայտարարում էր, թե ընդդիմադիրները զենքով կրակում են մարդկանց թիկունքից, սպանում են ոստիկաններին ու սա ասվեց բացահայտ, բայց գեթ մեկ հոգի չդատապարտվեց զենք ունենալու համար, էլ չեմ ասում' կրակելու համար: Բա մի հատ հարցնեիք՝ այ, պարոն նախագահ, էտ ի՞նչ ես պատմում: Արտգործնախարար կար, որ նույնը տարածեց անգլերենով, սաղ աշխարհին բացատրեցիք, որ ընդդիմադիրները հարձակվել են զենքով: Բա մի հատ հարցնեիք. Էդ հարցերը չեք տվել, հիմա 27-ի գործով կասկածյալը հարցնում ա, թե ինչի՞ 27-ի գործով հանձնաժողով չստեղծեցիք, դե ստեղծի, ո՞վ ա ձեռդ բռնել, ազնիվ ցուցմունք տուր, կարողա բացահայտվի»,-ասաց Արզումանյանը:

 

Վերջինիս տեղից արձագանքեց Հայկ Բաբուխանյանը, ինչին հետևեց ընդդիմադիր պատգամավորի արձագանքը. «Արա՛, ես նստելուց չեմ վախում, երեք անգամ նստել եմ, դու քո մասին մտածի, տղա»:

 

«Այսօր խորհրդարանում բացի «Ժառանգություն» ու ՀԱԿ խմբակություններից բոլորը Մարտի մեկի կոծկման մասնակից են»: Պատգամավորի այս խոսքերին արձագանքեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ բղավելով, թե պետք չէ բոլորին մեղավոր ճանաչել:

 

«Ես իմ կյանքում շատ բան եմ տեսել, բանակցել եմ քրդերի հետ, թուրքերի հետ, ինձ մի ընդհատեք: Ես երկիր եմ ներկայացրել, պատասխանատու եմ իր յուրաքանչյուր խոսքի համար, բան ունեք ասելու, կասեք»,-նշեց Արզումանյանը:

 

Նրա գնահատմամբ' խորհրդարանում ավելի շատ գոլորշի բաց թողելու տարբերակ է պտտվում:

 

«Մարտի մեկի ողջ իրողությունը, բոլոր հանգամանքերը կբացահայտվեն միայն այն դեպքում, երբ ՀՀԿ-ն հեռանա իշխանությունից: Երբ ուզումա դա լինի, քավ լիցի, կպահեք, ձեր շնորհքն ա, չեք պահի՝ կգնաք բանտ: Սա անիմաստ քննարկում է, չեմ հասկանում մոտիվացիան: Վաղը մնում ա Մարտի մեկին Ռոբերտ Քոչարյանը ցույց անի՝ գա ու պահանջի իրողություն: Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվել մարտի մեկին, հիմա եկել եք, դուք ստեղ չորս անգամ օրենք եք փոխել, որ կարանաք դատեք մեզ, մոռացե՞լ եք, հո լուսնից չե՞նք իջել, գիտենք»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը: