Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր՝ Լեռնիկ Աթանյան) արդարացրել է Կապանի բնակչուհի 53-ամյա Ալվինա Տատինյանին և ազատել կալանքից' հիմք ընդունելով գործով մեղադրող Մ. Մարտիրոսյանի կողմից մեղադրանքից հրաժարվելը: Բանն այն է, որ մեղադրող Մարտիրոսյանը, ուսումնասիրելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, հրաժարվել է Տատինյանին ՀՀ քր. օր.-ի 340-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրած մեղադրանքից' արարքում հանցագործության դեպքի բացակայության պատճառով: Իսկ նման պարագայում դատավորը պարտավոր է դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ:

 

Համաձայն մեղադրական եզրակացության' Տատինյանը, մեկ այլ քրեական գործով վկա Նոնա Հարությունյանին առողջությանը վնաս պատճառելու և սպանության սպառնալիքի զուգորդմամբ, իբր ստիպել էր հրաժարվել և փոխել նախաքննության ու դատաքննության ընթացքում տված նախկին ցուցմունքները:

 

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ' Ալվինա Տատինյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը' 10 օր ժամկետով: Սակայն դատարանի մեկ այլ որոշմամբ' մերժվել է մեղադրող կողմի միջնորդությունը' մեղադրյալ Ալվինա Տատինյանի նկատմամբ կալանավորման տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Փոխարենը դատարանը բավարարել է պաշտպան Ի. Մանուկյանի միջնորդությունը' թույլատրելով մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով ու նշանակել 500 հազար ՀՀ դրամ գրավ:

 

Նախաքննության ընթացքում Ալվինա Տատինյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Իսկ նախաքննական մարմինը նրա կատարած հանցանքը հիմնավորել է' որպես ապացույց մատնանշելով քրեական գործով տուժող ճանաչված Նոնա Հարությունյանի, ինչպես նաև մյուս վկաների ցուցմունքները: Իրեղեն ապացույց է ճանաչել Նոնա Հարությունյանի գրած գրության ու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին գրված դիմումի պատճենները, ինչպես նաև ոստիկանության Կապանի բաժնին տված հաղորդումը:

 

Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ալվինա Տատինյանն, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալուց: Սակայն հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները, որոնց կապակցությամբ հայտարարություններ չեն եղել:

 

Տուժող Նոնա Հարությունյանը դատարանում պատմել է, որ ճանաչել է ամբաստանյալ Ալվինա Տատինյանին, նրանց միջև թշնամական ու բարեկամական հարաբերություններ չեն եղել: Քաջարան քաղաքում Գրիգոր Պապյանի սպանության գործով նախաքննական մարմինի կողմից հրավիրվել է հարցաքննության, որտեղ ցուցմունք է տվել, թե իբր ինքն այդ ժամանակ ներկա է եղել դեպքի վայրում, ինչի մասին երկու օր անց պատմել է Ալվինա Տատինյանին: Վերջինս, իմանալով իր տված ցուցմունքի բովանդակության մասին, նախատել է նման սուտ ցուցմունք տալու համար, նշելով, որ եթե դեպքի վայրում չի եղել, ինչու է դատարանում նման սուտ ցուցմունք տվել: Նոնա Հարությունյանն էլ հասկացել է, որ սխալ է թույլ տվել, դիմում է գրել և դատարանին խնդրել կրկին հարցաքննել իրեն: Ոստիկանության աշխատակից Գարիկ Դանիելյանն, իմանալով այդ մասին, իրեն հրավիրել է աշխատասենյակ' ասելով, որ կարիք չկա անհանգստանալու և նախկին ցուցմունքը փոխելու: Իսկ Ալվինա Տատինյանն իրեն երբեք չի հարկադրել, չի սպառնացել, միայն ասել է, որ ճիշտ ցուցմունք տա: