Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու' Բիլալ Էրդողանի մասնակցությամբ հեռախոսազրույցի տարածվելուց հետո վարչապետը նախընտրական քարոզարշավի ընթացքում չեղյալ է հայտարարել հերթական հանրահավաքը: Ինչպես հաղորդում է թուրքական Radikal պարբերականը, այս անգամ Էրդողանը չեղյալ է համարել Մերսինում նախատեսված հանրահավաքը:

 

Ավելի վաղ Էրդողանը հետաձգել էր մարտի 30-ին ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Էսքիշեհիրում ծրագրավորված հանրահավաքը:

 

Համացանցում տարածված տեսանյութը ներկայացնում էր հոր և որդու հեռախոսազրույցը, որում լսվում էր, թե ինչպես է վարչապետը որդուն պատվիրում տանից դուրս հանել մեծ գումարը' մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար և այն տալ գործարարներին: Խոսակցությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 17-ին ժամը 08:01, 11:17, 15:39, 23:15 և դեկտեմբերի 18-ին' 10:58 րոպեին: Վերջին զրույցի ժամանակ Բիլալը հորը հայտնել է, որ տանը դեռևս մնացել է 30 միլիոն եվրո, որն ինքը կտեղափոխի մեկ այլ վայր: