Ամուսնու կողմից դանակի 21 հարվածից մահացած Դիանա Գրիգորյանի իրավահաջորդի փաստաբանը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել Արարատ և Վայոց Ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ամբաստանյալ Վոլոդյա Մուրադյանի արարքը վերավորակվի, մեղադրանք առաջադրվի ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով' «առանձին դաժանությամբ կատարված սպանություն»: Այս մասին փետրվարի 26-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մանուկյանը:

 

«Այս գործը հարուցված է որպես սպանություն'ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով, քանի որ դատաքննությունն ավարտին է հասել։ Սակայն ապացույցները ուսումնասիրելով, գալիս ենք այն համոզմուքին, որ չպետք է լիներ այդ մասով, պետք է լինի 2-րդ մասի 5-րդ կետով: Դա ավելի ծանր հոդված է ու պատիժն էլ՝ ավելի ծանր: Ծնողին երեխայի ներկայությամբ սպանելը արդեն իսկ առանձին դաժանություն է: Նա բազմաթիվ հարվածներ է հասցրել' ցանկանալով խորը ցավ եւ տառապանք պատճառել: Եթե ցանկանար ուղղակի սպանել, սրտին կհարվածեր, ամբողջ մարմնի վրա հարվածներ կան, բայց սրտին մոտ չկա: Հարվածները հատուկ տառապանք պատճառելու համար են եղել»,- ասաց Արմեն Մանուկյանը:

 

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված է ազատազրկում՝ 8-15 տարով, իսկ 104 հոդվածի 2-րդ մասով' ազատազրկում 12-20 տարով կամ ցմահ:

 

Փաստաբանը վստահեցրեց, որ եթե դատարանը միջնորդությունը չընդունի, ապա որոշումը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում:

 

Սպանված Դիանա Գրիգորյանի մոր՝ Վալյա Նահապետյանի կարծիքով՝ Վոլոդյա Մուրադյանը արժանի է միայն ցմահ դատապարտման:

 

«Երեխաների աչքի առաջ մորթել է երեխուս, գազան ա ինքը' մարդ չի, իսկ գազանին պետք է մեկուսացնել, որ չվնասի շրջապատին: Թող ինքը ցմահ նստի, էս երեխեքը հանգիստ ապրեն։ Ամեն սիգնալից, դռան ձայնից չմտածեն, որ էդ ապուշն եկավ ու իրենց կարող է վնասի: Ինչի՞ պետք է իրենք վախը սրտում ապրեն մի հատ սրիկայի պատճառով: Ինքը զրկեց երեխեքին մորից, կուզեմ էնքան տանջվի այնտեղ, որ իրա տված տանջանքերը հիշի եւ Աստծուց մահ աղերսի»,- ասաց Վալյա Նահապետյանը, որն այժմ խնամում է Դիանայի 14-ամյա և 17-ամյա աղջիկներին:

 

Տիկին Վալյայի խոսքով, մոր մահից հետո երեխաները չարացել են մարդկանց հանդեպ, եւ նրանց հոգեբանի օգնություն է հարկավոր:

 

«Դիմել ենք հոգաբանների, բայց քանի որ գումարը չհերիքեց, չկարողացանք երկար տանել: Երեխաների մեջ չարություն կա մարդկանց նկատմամբ, այդ մարդու նկատմամբ: 18 տարեկան աղջիկը ասում էր' մի հատ հրացան լիներ, ինքս իրան խփեի, որ սիրտս հանգստանար: Ես նրա մոր արածը չեմ կարող անել, իմ ու նրա միջեւ տարիքային տարբերությունը շատ մեծ ա: Իրենք կերակրող ձեռք են կորցրել, էս պահին նա չէր մտածի՝ ուտելու հաց ունեն-չունեն, կգնար մի տեղից կճարեր կբերեր: Էն փոքր երեխեն ասում ա՝ տատի մամայիս շատ եմ կարոտել»,- արտասվելով պատմեց Դիանա Գրիգորյանի մայրը:

 

Հիշեցնենք, որ Դիանայի ամուսինը' 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, մեղադրվում է 2012թ. դեկտեմբերին իր կնոջը' Դիանա Գրիգորյանին, 21 դանակի հարված հասցնելով սպանելու մեջ: Դիանա Գրիգորյանի 14-ամյա և 17-ամյա դուստրերը ականատես են եղել՝ ինչպես է խորթ հայրը դաժանաբար սպանում իրենց մորը. նրանք դուրս են վազել բնակարանից և հարևաններից օգնություն խնդրել: