Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, հունվարի 25-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են գլխավոր ու երկրորդական փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Ցուրտ, նաև՝ ջերմաստիճանային տատանումներով աչքի ընկնող եղանակի պայմաններում հատկապես երկար տարիներ չնորոգված փողոցներում փոսեր էին գոյացել, որոնք կարող էին վթարների պատճառ հանդիսանալ: Այս հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքները մեկնարկել են մինչև Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի փողոցների շինբարեկարգման հիմնական աշխատանքների մեկնարկը: Նախնական գույքագրումից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերով ստացվող ահազանգերից հետո, փոսալցումը սեփական միջոցներով իրականացնում են մասնագիտացած այն ընկերությունները, որոնք էլ նախորդ տարիներին ասֆալտապատել են տվյալ տարածքները:

 

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության բաժնի պետ Ֆելիքս Յայլոյանի հավաստմամբ՝ գործընթացն ավարտական փուլում է, քանի որ եղանակը ասֆալտապատման հիմնական ծրագրերի համար օր օրի ավելի բարենպաստ է դառնում և հենց առաջիկայում էլ, շինարարական մրցույթների ավարտից հետո, կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները: Այս փուլում փոսալցված բազմաթիվ փողոցներ հիմնական ծրագրի համատեքստում կենթարկվեն մասնակի կամ հիմնական նորոգման: Առանձին դեպքերում փոսալցմանը կփոխարինեն փոսային նորոգման աշխատանքները, ինչի արդյունքում փողոցների շահագործման ժամկետները զգալիորեն կերկարեն: