Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Ուկրաինայի 20 քաղաքացիների հաշիվները Համադաշնության բանկերում:

 

Փետրվարի 28-ին տարածված պաշտոնական ցուցակում նշվում են Վիկտոր Յանուկովիչի ու նրա որդու՝ Ալեքսանդրի, Սերգեյ Արբուզովի, Նիկոլայ Ազարովի եւ նախարարների կաբինետի մի շարք այլ անդամների ազգանունները:

 

Իր հերթին Ժնևի դատախազությունը փողերի լվացման մեղադրանքով քրեական գործ է հարուցել Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ, փետրվարի 28-ին հայտնել է Ժնեւի դատախազության մամուլի քարտուղար Էնրի դելլա Կազան: «Մենք հաստատում ենք, որ քրեական գործն սկսվել է նախօրյակին: Եվ այդ գործի շրջանակներում Ուկրաինայի նախկին նախագահի որդուն՝ Ալեքսանդրին, պատկանող ժնեւյան ընկերության գրասենյակում անցկացվել է խուզարկություն եւ փաստաթղթերի առգրավում», - ասել Է դելլա Կազան:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ավստրիայի իշխանությունները Կիեւի պահանջով որոշում են ընդունել իրենց տարածքում արգելափակել Ուկրաինայի 18 քաղաքացու բանկային հաշիվները: Ընդսմին մարդկանց անունները, որոնց հաշիվները սառեցվել են, չեն նշվել:

 

«Այդ որոշումը ժամանակավոր է եւ վավերական է մինչեւ ԵՄ-ի համապատասխան պատժամիջոցների ուժի մեջ մտնելը»,-նշել են հանրապետության արտաքին գործերի նախարարությունում, ընդգծելով, որ որոշումը համաձայնեցվել է Եվրոպայի արտաքին քաղաքական գերատեսչության, Ավստրիայի ֆինանսների նախարարության եւ կանցլերի հետ: