Վեց տարի առաջ ՀՀ իշխանություններն առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ կրակեցին սեփական ժողովրդի վրա' սպանելով բազմաթիվ քաղաքացիների: Այս մասին ՀԱԿ հանրահավաքին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

 

Վերջինս նշեց, որ վերջերս հաճախակիացել են համեմատություններն Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետ:

 

Զուրաբյանը նշեց, որ համեմատելով ասում են, ուկրաինացիները կանգնեցին մինչև վերջ, դրա համար էլ հաղթեցին:

 

«Մերժեմ այդ հակադրումը: Հայ ժողովուրդը չնահանջեց անգամ գնդակների առջև, ոստիկանությունը երեք անգամ գրոհեց և, ստանալով հարված, դադարել էր իր գոյությունը' թողնելով ռեժիմին միայնակ ժողովրդի դեմ:

 

Ռեժիմը' խախտելով Սահմադարությունը, հայտարարեց արտակարգ դրություն, հանեց բանակը ժողովրդի դեմ: Այդպես չեղավ Ուկրաինայում:

 

2008-ին, իշխանությունը պինդ էր և համախմբված, վայելում էր գործատերերի վստահությունը, կարողացավ կատարյալ շրջափակում ստեղծել, մեկուսացնել շարժումը: Համառ պայքարի շնորհիվ, տասնմեկ թվին «արաբական գարնան» բարենպաստ շրջանում, շարժումը ևս մեկ անգամ փորձեց գրոհել, սակայն իշխանությունը պահապանել էր իր ճամբարում ամբողջականությունը, ուստի այդ գրոհը սահմանափակ արդյունքներ արձանագրեց: Մենք 2011-ին կարողացանք երեք տարի շարունակ օկուպացված հրապարակը վերադարձնել ժողովրդին:

 

Դրա էությունն էր ստեղծել ճեղքեր, նվաճել նորանոր դաշնակիցներ, ազդեցիկ գործարար շրջանակներում, ապացուցել ռեժիմի խոստումների դատարկությունը, և այսօր մենք զեկուցում ենք, որ այս քաղաքականությունը բացառիկ հաջողություններ է արձանագրել:

 

Ոչ թե ընդդիմությունն է այսօր գտնվում մեկուսացման մեջ, այլ Սերժ Սարգսյանը»,-նշեց Զուրաբյանը:

 

Վերջինիս խոսքով' Սերժ Սարգսյանն այսօր գտնվում է քաղաքական մեկուսացման մեջ: ՀԱԿ , ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ընդդիմադիր կուսակցությունները միասնական ճակատ են ստեղծել այս իշխանությունների դեմ, և համագործակցության այս ձևաչափը թույլ է տալիս, հավաքել անհրաժեշտ ստորագրություններ և ԱԺ-ում թելադրել սեփական օրակարգը՝ գազային ավանտյուրայի հարցը, մարտիմեկյան սպանությունների խնդիրը, աղմակալի սպանություններ, որոնք բարոյալքել են իշխանական մեծամասնությանը:

 

Զուրաբյանը նշեց նաև, որ հերթի մեջ է կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը:

 

«Ամեն դեպքում, ակնհայտ է, որ ԱԺ-ում և Ազատության հրապարակում պայքարի համակեցումն օգնում է էլ ավելի մեծ թափով գրոհել ռեժիմի դիրքերի վրա:

 

Այսօր Սերժ Սարգսյանի հրաժարական են պահանջում հանրության գրեթե բոլոր շերտերը, բոլորը հասկացել են, որ Սարգսյանը կատարելապես ձախողել է կառավարումը և զբաղված է թալանով: Սերժ Սարգսյանի ռեժիմը երբեք այսքան թույլ ու մեկուսացված չի եղել, և ստեղծվել են բոլոր նախադրյալները Սերժ Սարգսյանի հեռացման գործընթացը սկսելու համար:

 

Եկել է նրա հեռանալու պահը:

 

Հարգելով Մարտի մեկի զոհերին' երդվենք, որ նրանց գործը հասցնելու ենք հաղթական ավարտի և Հայաստանը դարձնելու ենք ազատ ժողովրդավարական բարեկեցիկ երկիր: Եվս մի քանի նման հուժկու հանրահավաք, և մենք Սերժ Սարգսյանին կուղարկենք պատմության գիրկը»,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: