Այս տարվա մարտին Հայաստան կներկրվի 80 միավոր գյուղտեխնիկա, որը մատչելի պայմաններով կտրամադրվի գյուղացիներին: Այս մասին Արմավիրի մարզում Գեղակերտ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «Անցած տարի ներկրվել է 120 միավոր գյուղտեխնիկա, որը մատչելի պայմաններով վաճառվել է գյուղացիներին»,-  նշեց Մակարյանը:

 

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի' Արմավիրի մարզ այցի ընթացքում Գեղակերտ համայքնի բնակիչները բողոքում էին, որ գյուղում տրակտոր չկա, ինչի հետևանքով գյուղի հողերի մեծ մասն անմշակ է մնում: Գյուղացիները խնդրում էին համայնքին գոնե մեկ տրակտոր հատկացնել, ինչը կթեթևացնի իրենց հոգսերը, հնարավորություն կտա ավելի շատ հողեր մշակել: «Թե չէ ամեն անգամ գնում ենք ուրիշ տեղերից ենք տրակտոր բերում ու բավականին թանկ ենք վճարում, դա մեզ ձեռնտու չէ, դրա համար էլ գյուղի հողերի մեծ մասն անմշակ է»,- ասաց գյուղացիներից մեկը:

 

ԱԺ նախագահը, գյուղատնտեսության փոխնախարարից իմանալով, որ տրակտորի արժեքը 7 միլիոն դրամ է, խոստացավ գումարի կեսը տրամադրել: «Ես 3.5 միլիոն դրամ կհատկացնեմ, կեսն էլ թող գյուղապետարանը տրամադրի այդ տրակտորի հարցը լուծեք»,- Գեղակերտ համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանին դիմելով՝ ասաց ԱԺ նախագահը: Սերյոժա Առաքելյանը նշեց, գումարի կեսը ստանալու դեպքում մյուս կեսն էլ համայնքային բյուջեից կհատկացնի և կգնի տրակտորը: Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ 3.5 միլիոն դրամը համայնքապետարանի հաշվին կփոխանցվի առաջիկա երկու օրերի ընթացքում:

 

Գյուղացիները նաև խնդիրներ ունեն ոռոգման ջրի և գազամատակարարման հետ: Համայնքի ղեկավարը ջրագիծը քաշել է, սակայն գյուղի որոշ թաղամասեր ջուր չի հասնում և բնակիչները ստիպված են լինում ամեն օր ձեռքով ջուր տեղափոխել: Հովիկ Աբրահամյանը խոստացավ կարգավորել նաև ջրի և գազամատակարարման հետ կապված խնդիրները՝ համայնքի ղեկավարին տեղեկացնելով, որ համապատասխան մարմիններից նրա մոտ մարդ կուղարկի, որպեսզի ծանոթանան խնդիրների հետ և փորձեն լուծում տալ դրանց:

 

Անյուհետև ԱԺ նախագահը եղավ մարզի մեկ այլ՝ Արագած համայնքում նույնպես հանդիպեց և զրուցեց գյուղացիների հետ: Արագած համայնքում խնդիրներն այնքան էլ շատ չէին: Գյուղացիները հիմնականում բողոքում էին ոռոգման ջրի վարձից: Գյուղացիներից մեկը նշեց, որ ինքը բավականին մեծ պտղատու այգիներ ունի, որոնց ոռոգման ծախսերի վրա միայն տարեկան 7 միլիոն դրամ է ծախսում՝ խնդրելով իր համար մի փոքր բարելավել պայմանները: Նա նշեց, որ իր այգիների հողը չոր է և երեք օրը մեկ անգամ ջրելու կարիք է լինում, որի հետևանքով ծախսերը շատ են: Հովիկ Աբրահամյանը խոստացավ քայլեր ձեռնարկել, որպեսզի պետջրկոմը նրա հետ նոր պայմանագիր կնքի:

 

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: ԱԺ նախագահը եղավ Արշալույս, Գեղակերտ և արագած համայնքներում, զրուցեց գյուղացիների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին: ԱԺ նախագահին ուղեկցում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ինչպես նաև ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներ: