Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արդի իսլամի գաղափարախոս, ներկայում ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգում որպես վտարանդի բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին կոչ է արել վերադառնալ երկիր: Այս մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթը:

 

Նրա խոսքով, եթե Գյուլենը «մաքուր է եւ իր անմեղության մեջ վստահ, ապա նա պետք է վերադառնա Թուրքիա»:

 

Թուրքիայի վարչապետը նաեւ նշել է, որ Գյուլենի շարժումը, որը նա անվանում է «զուգահեռ կառույց», իր հակապետական գործունեությամբ ապացուցել է, որ հանդիսանում է ոչ թե կրոնական հոսանք, այլ քաղաքականացված եւ ապօրինի կառույց:

 

Ֆեթուլլահ Գյուլեն-Էրդողան հակասությունների համատեքստում 2013 թ. դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողության ընթացքում կաշառակերության, կոռուպցիայի, մաքսանենգության, դրամաշորթության եւ ապօրինությունների մեղադրանքներով ձերբակալվեցին 3 նախարարների որդիներ, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ եւ խոշոր գործարարներ: Իշխանությունները փորձեցին այդ ամենը կապել Գյուլենի համայնքի հետ' պնդելով, թե այն Թուրքիայում դարձել է «զուգահեռ պետություն» եւ վնասում է երկրին:

 

Ֆեթուլլահ Գյուլենը խոշոր կրոնահասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող «Գյուլենի համայնքը» Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: