ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը լավ խաղ ու հաղթանակ է մաղթում Լևոն Արոնյանին մարտի 12-ին Խանտի Մանսիյսկում մեկնարկելիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում և կանխատեսում է հետաքրքիր մրցաշար: Այդ մասին Երևանում լրագրողների հետ զրույցում նշեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Նա նշեց, որ երկրագնդի 8 ուժեղագույն շախմատիստները պայքարելու են շախմատային գահի համար մարտնչելու իրավունք ձեռք բերելու համար: Նրա խոսքով՝ վարկանիշով և նաև ուժով ու հնարավորություններով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից հետո այժմ Լևոն Արոնյանն է: «Շատ փորձագետներ ասում են, որ մրցաշարը շատ հետաքրքիր է լինելու, մարտական: Շանսեր ունեն շատ շախմատիստներ, բայց բարձր վարկանիշ ունի Լևոն Արոնյանը և այդ պատճառով, գտնվելով այստեղ՝ Հայաստանում'շախմատային օազիսում, ես կցանկանայի Լևոնին լավ խաղ մաղթել և ամենակարևորը, որպեսզի նա չանհանգստանա, հոգեբանորեն տրամադրվի և Խանտի Մանսիյսկում զգա իրեն ինչպես տանը» ասաց Իլյումժինովը՝ հաղթանակ մաղթելով Արոնյանին:

Մարտի 12-ին Խանտի Մանսիյսկում կսկսվի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: ՖԻԴԵ-ն անցկացրել է մասնակիցների վիճակահանությունը: Առաջին տուրում Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի Վիշվանաթան Անանդի հետ: