Հայաստանի կառավարությունը մինչև երեք տարով կհետաձգի ներդրումային ծրագրի շրջանակներում «Արմենիա Վայն» ընկերության կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մարտի 6-ի նիստի օրակարգում:

 

Ներդրումային ծրագրի շրջանակներում' ՀՀ Արագածոտնի մարզում կառուցվող կոնյակի արտադրական տարածքի համար ընկերությունը նախատեսում է իրականացնել 2,57 մլրդ դրամի ներդրումներ' ձեռք բերելով տարբեր սարքավորումներ: Դրանց միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրանքի ծավալը հասցնել տարեկան մինչև 4.7 մլրդ դրամի, որի զգալի մասը կարտահանվի ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ուկրաինա, Բելառուս, Ֆրանսիա, Չեխիա, Բուլղարիա, Կանադա:

 

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 20 նոր աշխատատեղ միջին աշխատավարձը կազմելով շուրջ 188 հազ. դրամ:

 

Նոր ներդրումային ծրագրի նպատակն է ՀՀ-ում իրականացնել հայկական կոնյակի արտադրություն, որը կմրցակցի աշխարհի լավագույն ապրանքանիշերի հետ և առավելապես ուղղված կլինի արտաքին շուկաների գրավմանը: Կոնյակի արտադրությունը կազմակերպելու նպատակով 2012թ.-ից սկսած Արագածոտնի մարզում ընկերությանը պատկանող տարածքում կառուցվում է կոնյակի արտադրամաս, որն իրենից ներկայացնելու է խաղողի վերամշակումից մինչ պատրաստի կոնյակի թողարկման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների մի ամբողջ համալիր:

 

Ընկերությունը նախատեսում է իր առաջին կոնյակը շուկա դուրս բերել 2015 թվականի աշնանը:

 

Ներկայում «Արմենիա Վայն» ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցում է փրփրուն գինիների (շամպայնի) արտադրամաս, որի համար անհրաժեշտ սարքավորումների ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի գումարների վճարումը հետաձգվել է երեք տարի ժամկետով' ՀՀ կառավարության 2012 թվականին ընդունված որոշմամբ: «Արմենիա Վայն»-ը հիմնադրվել 2008 թվականին: 2010 թվականից արտադրում է գինիներ, որոնք իրացվում են ներքին շուկայում, իսկ որոշակի քանակով արտահանվում ԱՄՆ, ՌԴ, Լիտվա և այլն: Հիմնադրման օրվանից առ այսօր ընկերությունում կատարվել է մոտ 10 մլրդ ՀՀ դրա մի ներդրում: