Բիձինա Իվանիշվիլու և Գագիկ Ծառուկյանի միջև համեմատություններ կատարելը տեղին չէ, քանի որ վերոնշյալ քաղաքական գործիչները տարբեր հարթություններում են գտնվում: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ' Իվանիշվիլիի «Վրացական երազանքն» արմատական ընդդիմություն էր, իսկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմադիր չէ:

 

«Վրացական երազանքն» ընդդիմացավ, պայքարեց և կարողացավ դիմակայել Սաակաշվիլու ճնշումներին, իսկ ԲՀԿ-ն չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ: ԲՀԿ-ի քաղաքական կեցվածքն այլ է, և նա չի հայտարարել, որ պահանջում է ամբողջական իշխանափոխություն»,- ասաց Սաֆարյանը' հավելելով, որ ԲՀԿ-ն ընդամենը իշխանությունը կիսելու պահանջ է դնում:

 

Բանավեճին մասնակցող սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ նշում է, որ տեսակարար կշիռով, ֆինանսական կարողություններով և կադրերով ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժերից ամենուժեղն ու հզորն է, և Լևոն Տեր-Պետրոսյանը, նման հայտարարություններ անելով, ցանկանում է մնալ քաղաքական դաշտում' ունենալով ԲՀԿ-ի պես հզոր հենարան:

 

Ստյոպա Սաֆարյանի դիտարկմանը, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ չէ, սոցիոլոգը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն կառավարությունում չէ, կոալիցիա էլ չի կազմել: «Եթե իշխանությունում չէ, ուրեմն ընդդիմություն է»,- հավելեց Ադիբեկյանը:

 

«Քաղաքական կեցվածքի և գաղափարախոսության վերաբերյալ կամ լինում են աջ, կամ լինում են ձախ, կենտրոնում չեն լինում: ԲՀԿ-ն կիսատ կեցվածք ունի և լիարժեք ընդդիմություն չէ»,-ասաց Սաֆարյանը:

 

«ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որ կարող է քարշակի դեր կատարել և իր հետևից տանել մնացած քաղաքական ուժերը»,- շարունակեց Ադիբեկյանը' հավելելով, որ ընդդիմադիր դաշտում բոլորը տառապում են Նապոլեոնի սինդրոմով և վստահ են, որ իրենք կարող են ղեկավարել պետությունը:

 

Սաֆարյանն էլ համամիտ չէ, որ ԲՀԿ-ն կարող է լինել քարշակ և ժողովրդին իր հետևից տանել: Ըստ նրա' քարշակ-առաջատարի դերը ստանձնելու համար կուսակցությունը պետք է լինի ամենաընդդիմադիրը, իսկ ԲՀԿ-ն այդպիսին չէ:

 

Մարտի 1-ին «Ազատություն» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն տեր-Պետրոսյանն իր խոսքում համեմատեց Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին' հավելելով, որ Ծառուկյանը հենց այն անձնավորությունն է, ում շուրջ պետք է հավաքվեն ընդդիմադիր ուժերը: