Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Հակոբ Ինջիղուլյանի' երրորդ երկրում հայտնվելն ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն ելքն է համարում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: «Անձամբ իմ վերջին տարիների փորձից ելնելով' կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմից չի կարելի ակնկալել, որ Հակոբ Ինջիղուլյանին կվերադարձնի Հայաստան: Մնում է հուսալ, որ երրորդ երկիր գնալու որոշմամբ պայմանավորված' նրանք խոշտանգումների չեն ենթարկի Հակոբ Ինջիղուլյանին»,-ասաց մարդու իրավունքների առաջինը պաշտպանը:

 

Լարիսա Ալավերդյանի խոսքով' կապ չունի, թե հայ գերին ինչ ճնշումների ներքո է ընդունել երրորդ երկիր տեղափոխվելու որոշումը, միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից հիմք է ընդունվում, որ գերին չվերադարձվի Հայաստան: «Անկախ նրանից, որ Հակոբը Հայաստանում չի ենթարկվի որևէ հետապնդման, քանի որ զինվորները գիտեն, որ այստեղ չկա այդ պրակտիկան, որ վերադարձված պատանիները ենթարկվեն հետապնդումների, այնուամենայնիվ, ցանկացել է երրորդ երկիր գնալ: Այժմ գործողությունները անցել են ՄԱԿ-ի լիազորությունների ներքո' այդ որոշմամբ պայմանավորված»,-հավելեց Լարիսա Ալավերդյանը:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը' ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991-ին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատել է հայ-ադրբեջանական շփման գիծը' հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: ԿԽՄԿ-ի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են հայ ռազմագերու հետ: