Այսօր Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով վերջերս կայացած Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղին, որն ավարտվեց 2:0 հաշվով, ասաց, որ հավաքականն այդ խաղում շատ վատ հանդես եկավ:

 

«Ֆուտբոլիստները խաղացին իրենց կարողություններից ավելի թույլ»,-ասաց Հայրապետյանը' հավելելով, որ եթե հարձակվողները լավ խաղ ցուցադրեին, պաշտպանությունն ավելի ուժեղ կլիներ:

 

Անդրադառնալով հարցին, թե ինչու Էդգար Մանուչարյանը Հայաստանի հավաքական չի հրավիրվում, Հայրապետյանն ասաց. «Ո՞վ է Էդգար Մանուչարյանը: Նա անում է ամեն ինչ, բացի ֆուտբոլ խաղալուց: Երբ ես նրան քննադատում էի, ուզում էի, որ տաղանդին չկորցնեինք, դուք նրան ատամներով պաշտպանում էիք: Դուք եք մեղավոր, որ նա այս օրն ընկավ: Դե հիմա էլ պաշտպանեք նրան, ու գնացեք համոզեք, որ ֆուտբոլ պարապի: Քիչ եմ հավատում այն երազանքին, որ Մանուչարյանը կարող է հրավիրվել Հայաստանի հավաքական»:

 

Հայրապետյանը հավելեց նաև, որ եթե Մանուչարյանը լավ խաղ ցուցադրի, հնարավոր է մարզիչը որոշի նրան հավաքական հրավիրել: