ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձեւ է ընդունել, որով դատապարտել է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները եւ կոչ է արել Սպիտակ տանը Ռուսաստանին բացառել Մեծ ությակից, ինչպես նաեւ նրա նկատմամբ սահմանել այցագրային ու տնտեսական պատժամիջոցներ, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

 

Փաստաթուղթն ունի հանձնարարական բնույթ, այն ընդունելու օգտին քվեարկել է 402 կոնգրեսական, դեմ են արտահայտվել յոթը: Բանաձեւին հավանություն տված օրենսդիրները կոչ են անում Ղրիմ եւ Ուկրաինայի այլ տարածաշրջաններ ուղարկել ԵԱՀԿ-ի դիտորդների, իսկ ՆԱՏՕ-ին առաջարկում են դադարեցնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ, ներառյալ ռազմական տեխնիկայի վաճառքը:

 

Սպիտակ տունը, կոնգրեսականների կարծիքով, պետք է Եվրամիության հետ համատեղ այցագրային, ֆինանսական, առեւտրական եւ այլ պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, պետական բանկերի, առեւտրային կազմակերպությունների, պետական գործակալությունների նկատմամբ:

 

Բանաձեւում նաեւ առաջարկվում է տնտեսական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի նոր իշխանություններին, աջակցել Ռուսաստանից էներգետիկական կախվածության նվազեցմանն ուղղված նրանց ջանքերին: