ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին ոչ իշխանական չորս կուսակցությունների համախմբումը մտորելու տեղիք է տալիս. նա այդ ձեռնարկը ձևական է համարում: «Նրանց միավորումը ձևական է, ունի սպեկուլյատիվ նպատակ: Ընդդիմությունը նրա համար է, որ պայքարի իշխանության դեմ ու հանուն իշխանության գալու, բայց ներկայումս ոչ իշխանական կուսակցությունների համախմբումը մտորելու տեղիք է տալիս: Հայտարարում են համախմբման մասին, բայց գաղափարական հենք չունեն միավորվելու համար: Նրանք տարբեր գաղափարախոսություն կրող կուսակցություններ են' ծայրահեղ սոցիալիստներից' ի դեմ ՀՅԴ-ի, վերջացրած ծարահեղ լիբերալներով' ի դեմ ՀԱԿ-ի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանվել Բադեյանը:

 

Նրա խոսքով' ընդդիմությունից չպետք է ակնկալել լուրջ քայլեր: «Այսօրվա ցաքուցրիվ եղած ընդդիմադիր ուժերը չեն կարող ինչ-որ բան առաջարկել. նրանք միայն համախմբվում են' հասարակության ստվար զանգվածի դժգոհությունն օգտագործելով: Այդ ուժերի միջև ռազմավարական մեծ հակասություններ կան. լսե՞լ եք, որ ԲՀԿ ներկայացուցիչները պահանջեն նախագահի հրաժարականը, իսկ մյուս ուժերը դա են պահանջում»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը' շեշտելով, որ ընդդիմադիր ուժերը չունեն երկրի վիճակը բարելավելու հստակ առաջարկներ:

 

Հակառակ ՀՀԿ-ական պատգամավորի' «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառիկ Իսագուլյանը ողջունելի է համարում ընդդիմադիր ուժերի համախմբումը և ակնկալում է դրական արդյունք: «Նորմալ գործընթաց է, երբ ներքաղաքական ուժերը համախմբվում են, ինչը կխթանի ներքաղաքական գործընթացների ակտիվացմանը և, բացի դրական ազդեցությունից, այլ արդյունքի չի բերի»,-նկատեց Գառնիկ Իսագուլյանը: Նրա խոսքով' իշխող ուժերը մտահոգվելու առիթ չունեն: «Իշխանական ուժերն իրենց ուժերը կմոբիլիզացնեն ու խնդրիներին ավելի լուրջ կվերաբերվեն, ինչն էլ իշխանական բլոկին կստիպի ճիշտ որոշումներ կայացնել»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը:

 

Մարտի 11-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» և Հայ ազգային կոնգրես կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը: ՀԱԿ-ից հանդիպմանը ներկա են եղել կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ինչպես նաև վարչության անդամ Ավետիս Ավագյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտնեց, որ ոչ իշխանական մյուս երկու կուսակցությունները ևս կմիանան իրենց համագործակցությանը: