Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև ապրիլի 14-ը երկարաձգել է ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը, որին հետաքննությունը համարում է երթուղային ավտոբուսի հետ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորը, պատահար, որի հետևանքով անցյալ տարվա ամռանը զոհվել է 18, վիրավորվել 40 մարդ: Այդ մասին, դատարանի դահլիճից հաղորդել է Ռուսաստանի իրավական և դատական տեղեկատվության գործակալությունը (ՌԱՊՍԻ):

 

Դատարանը մարտի 14-ին բավարարել է քննիչի միջնորդությունը, որը նշել է, թե խափանման ավելի մեղմ միջոցի ընտրության դեպքում Հարությունյանը, ով Հայաստանի քաղաքացի է, կարող է թաքնվել դատից ու քննությունից: Ներկայումս գործով հետաքննությունն ավարտված է, մեղադրյալը ծանոթացել է հետաքննության նյութերին: Գործում ընդամենը 10 հատոր է, կատարվել է 70 փորձաքննություն: Հետաքննությունը պետք է կազմի մեղադրական եզրակացություն, այն թարգմանի հայերեն, հաստատման համար ուղարկի դատախազություն, իսկ այնուհետև գործը հանձնի դատարան:

 

Հարությունյանը հետաքննության միջնորդությանը չի առարկել: Նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանն, իր հերթին, առարկել է կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելուն՝ վկայակոչելով դատավարական խախտումները: Նա խնդրել է իր պաշտպանյալին ազատ արձակել Ռուսաստանի հայերի միության փոխնախագահի անձնական երաշխավորությամբ, որը պատրաստ է երաշխավորել նրա ներկայանալը դատարան գործն ըստ էության քննության առնելու դեպքում: