Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մարտի 14-ին կոչ Է արել ԵԱՀԿ-ին՝ հրաժարվել «երկակի ստանդարտների» պրակտիկայից եւ դրական միտումով քննարկել մարտի 16-ին Ղրիմում կայանալիք հանրաքվեի մոնիթորինգին մասնակցելու ինքնավար հանրապետության իշխանությունների հրավերը:

 

«Ռուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ Է անում ԵԱՀԿ-ի ղեկավարությանը, մասնակից երկրներին եւ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյին (ԺԻՄԻԲ)՝ հրաժարվել «երկակի ստանդարտների» պրակտիկայից եւ դրական պատասխան տալ առաջիկա հանրաքվեի դիտարկմանը մասնակցելու Ղրիմի իշխանությունների հրավերին, ինչը կհամապատասխանի ԵԱՀԿ-ի հիմնարար սկզբունքներին եւ կնպաստի տարածաշրջանի իրադրության ապաԷսկալացմանը»,-ասված Է ՌԴ ԱԳ նախարարության կայքում զետեղված մեկնաբանության մեջ:

 

Մինչդեռ ԵԱՀԿ-ն անօրինական է ճանաչել Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեն: ԵԱՀԿ-ի նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը հայտարարել Է, որ հանրաքվեն հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը եւ պետք է անօրինական համարվի: Նրա խոսքով՝ Ղրիմի ինքնավարության աստիճանի կամ անկախության շուրջ հանրաքվեն պետք է հիմնվի Ուկրաինայի սահմանադրության վրա եւ պետք է համապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին: Նա կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին ձեռնպահ մնալ ոչ սահմանադրական գործողություններից, ինչպես նաեւ բացառել հա նրաքվեին ԵԱՀԿ-ի դիտորդների ուղարկելու հնարավորությունը:

 

Բուրկհալտերը նշել է, որ, բացի հանրաքվեի ոչ սահմանադրական լինելուց, դիտորդներ ուղարկելու եւս մեկ խոչընդոտ է Ուկրաինայի իշխանությունների կողմից հրավերի բացակայությունը՝ նկատի առնելով այն, որ հանրաքվեին հետեւելու հրավերն ուղարկվել է ոչ թե Կիեւի, այլ Ղրիմի խորհրդարանի կողմից: