Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն իր թեկնածությունն է առաջադրել ՀՀ մշակույթի նախարարության կողմից Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում:
Tert.am-ի հետ զրույցում Բարսեղ Թումանյանը նշեց, որ մի քանի էջից բաղկացած հայեցակարգ է մշակել ու շուտով այն կներկայացնի լայն հանրությանը, սակայն մինչ այդ նա անդրադարձավ թատրոնի առջև ծառացած առաջնային խնդիրներին:

«Փոխելու շատ բան կա թատրոնում, բայց ամենակարևորն այն է, որ պետք է վերադառնանք այն գաղափարին, թե ինչ է օպերային թատրոնը, ինչպիսի օպերային թատրոն ենք մենք ակնկալում ունենալ: Այս գաղափարի մեջ մտնում է հետևյալը՝ հայ ազգը կամ հայի տեսակը որքանո՞վ է ընդգրկվում համամարդկային արժեքների մեջ: Օպերային թատրոնը միակ տաճարն է, որտեղ արարվում են մշակութային արժեքները, որոնք կարող են համակցվել համամարդկային արժեքներին»,-ասաց նա:

Անդրադառնալով օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սոցիալական խնդիրներին՝ օպերային երգիչը նշեց, որ իրականում այսօր բոլորս կախված ենք մեկ ընդհանուր համակարգից, բայց ամեն դեպքում՝ ինքը պետք է փորձի այս առումով ևս փոփոխություններ կատարել թատրոնում:

«Այդ ընդհանուր համակարգն առկա է ամբողջ երկրում, պետք է որքան կարող ենք՝ ի մի բերենք ամեն ինչ ու տեսնենք, թե ինչ կարող ենք փոխել: Բայց իմ տեսակն այն չէ, որ ասեմ՝ ես կգամ, ես այնպիսի հեղինակություն եմ, որ փողեր կբերեմ, ֆոնդեր կստեղծեմ, չի կարելի, էլի, ես ավելի շատ մշակույթի մարդ եմ, ու դրա միջոցով միգուցե ստիպենք՝ որոշ մեր պետական այրեր, մեծահարուստներ արվեստին ավելի լուրջ վերաբերեն»,-ասաց նա:

Հարցին, թե օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնն զբաղեցնելու դեպքում արդյո՞ք չի տուժի իր ստեղծագործական աշխատանքը, պատասխանեց.

«Ի՞նչ եք կարծում, իմ ստեղծագործական աշխատանքը Հայաստանում ինչպե՞ս է եղել, դուք ինձ քա՞նի անգամ եք լսել այստեղ: Դրսում կտուժի: Ես դրսում ավելի քիչ կկարողանամ աշխատել, կամ ընդհանրապես չեմ կարողանա, այո´, իմ ստեղծագործական աշխատանքը կտուժի»,-ասաց նա: