Կրեմլը թողնում է երկրորդ պատանդը

 

Փորձագետները կանխատեսում են, որ ուկրաինացի գազային օլիգարխներից մեկի՝ Դմիտրի Ֆիրտաշի ձերբակալումը կարող է փոխել իրավիճակը ուկրաինական իրադարձություններում: Օրինակ, լրագրող Վիտալի Պորտնիկովը հայտարարել է, որ Ֆիրտաշի ձերբակալությունը կարող է ազդել Պուտինի գործողությունների վրա, քանի որ Ֆիրտաշն այն մարդն է, որը շատ բան գիտե Ռուսաստանի իշխանության գործունեության մասին: Ըստ լրագրողի, շատ բան է կախված, թե ինչ կասի Ֆիրտաշը ամերիկյան հետաքննությունների դաշնային բյուրոյում հարցաքննության ժամանակ:

 

Ինչպես հայտնի է, միլիարդատեր Ֆիրտաշին նախօրեին ձերբակալել էին Ավստրիայում՝ ԱՄՆ ՀԴԲ հարցմամբ:
Փաստացի, Ֆիրտաշը, որը շատ բան գիտե Ռուսաստանի իշխանության գործարքների մասին, հայտնվում է պատանդի կարգավիճակում: Ընդ որում, Ֆիրտաշը փաստացի երկրորդն է այդ կարգավիճակում, Վիկտոր Բուտից հետո, որը զենքի առեւտրով զբաղվող հայտնի անձնավորություն էր եւ արտերկրում ձերբակալվեց կրկին ԱՄՆ իրավապահների պահանջով ու տեղափոխվեց ԱՄՆ: Ռուսաստանի իշխանությունը բազմաթիվ փորձեր արեց Բուտին հետ ստանալու, սակայն ԱՄՆ չարտահանձնեց Բուտին:
Կասկած չկա, որ զենքի առեւտրով զբաղվող ռուսաստանցի Բուտը ուներ բավական լուրջ տեղեկություններ այդ չափազանց կարեւոր ոլորտում Ռուսաստանի իշխանության գործունեության անտեսանելի մանրամասների վերաբերյալ: Չի բացառվում, որ նա գործել է հենց իշխանության սանկցիայով, նկատի ունենալով նրա կենսագրությունը: Թե ինչ է ասել կամ ինչ կարող էր ասած լինել Բուտը հարցաքննությունների ժամանակ, հայտնի չէ:

 

Ի դեպ, հետաքրքիր է, որ Բուտի ձերբակալությունից ամիսներ անց տեղեկություն հայտնվեց մամուլում զենքի առեւտրի երթուղու մասին, որում առկա էր նաեւ Հայաստանը: Այդ տեղեկությունը հարցազրույցի միջոցով հրապարակել էր ՌԴ հատուկ ծառայությունների աշխատակիցներից մեկը:
Այդպիսով, Բուտից բացի ներկայում պատանդի կարգավիճակում է հայտնվում նաեւ Ֆիրտաշը: Գազ եւ զենք:
Ռուսաստանի իշխանությունը հայտնվել է իսկապես բարդ իրավիճակում: Դրա մասին են վկայում այսպես ասած ինտերնետ-ռեպրեսիաները՝ փակվել են մի շարք ինտերնետային կայքեր, որոնց մեղադրում են հակառուսական գործունեության համար:

 

Այդ արձագանքն ակնհայտորեն նյարդային արձագանք է: Նույնիսկ 2012 թվականի Պետդումայի ընտրությունից հետո տեղի ունեցող հոծ հանրահավաքների ժամանակ Ռուսաստանի իշխանությունը չգնաց այդօրինակ քայլի: Ներկայում սակայն խնդիրը գուցե ոչ այնքան իշխանությունն է, որքան դրա բացակայությունը: Բացակայությունն այն իմաստով, որ Ռուսաստանի իշխող համակարգում խախտվել է վստահությունը Պուտինի գործողությունների նկատմամբ:

 

Բանն այն է, որ Ղրիմը լոկալ ճգնաժամ չէ, պահի, իրավիճակային ճգնաժամ չէ: Ուկրաինական ճգնաժամը ընդհանրապես Պուտինի քաղաքականության ճգնաժամն է, այդ քաղաքականության սխալ հայեցակարգի եւ թերի գործիքակազմի ճգնաժամը:

 

Դրա հետեւանքով, Ռուսաստանն իր միլիարդատերերի իշխանությամբ ոչ թե հայտնվել է համաշխարհային քաղաքականության առաջին շրջանակում՝ բարձրագույն լիգայում, այլ նրան սպառնում են ոչ թե տեղափոխել առաջին լիգա, այլ որակազրկել ընդհանրապես, զրկել կարգավիճակից: Պատժամիջոցներից ավելի Ռուսաստանի համար վտանգավորը հենց կարգավիճակից զրկվելն է, քանի որ դրա հետեւանքով Ռուսաստանում իշխանության եկած միլիարդատերերը դադարելու են ընկալվել իբրեւ գործընկեր:

 

Այդ մեխանիզմը մոտավորապես նման է հենց Ռուսաստանի, եւ ընդհանրապես ամբողջատիրական որեւէ երկրի իշխանական համակարգի մեխանիզմին: Այդ համակարգում յուրային չհամարվողները կանգնում են այսպես ասած մշտապես ամեն ինչի համար եւ ամենուր վճարելու, լիարժեք վճարելու անհրաժեշտության կամ պարտադրանքի առաջ: Օրինակ, եթե որեւէ մեկը զրկվում է իշխանական համակարգում կարգավիճակից, նա առնվազն ստիպված է աշխատել բոլոր հարկերը վճարելով, առանց որեւէ ստվերի:

 

Ռուսաստանը ներկայում այդ իրավիճակին է գալիս համաշխարհային համակարգի մասշտաբով: Եվ դրան է հասցրել Պուտինի քաղաքականությունը, հիմնված գերազանցապես անձնական հավակնությունների վրա: Ռուսաստանի իշխանության այս կամ այն խումբ-միլիարդատերերին բացարձակապես հետաքրքիր չէ, թե ինչ նոր տարածքներ է նվաճում Պուտինը, որովհետեւ նա դրանք նվաճում է իր կարգավիճակը կորցնելու, Ռուսաստանի կարգավիճակը կորցնելու գնով, որի համար ստիպված են լինելու վճարել իրենք բոլորը:

 

Ռուսաստանում ռեպրեսիվ նոր ալիքի բռնկումն ըստ ամենայնի պայմանավորված է նաեւ այդ հանգամանքով, այսինքն դա է առաջնային պատճառներից մեկը՝ իշխանության ներսում անվստահություն է գլխի՝ Պուտինի հանդեպ, եւ գլխին չվստահող մարմինը բնականաբար փորձ է անում առավել ագրեսիվ կերպով պաշտպանվել: Ու քանի որ դրսում կորցրել են պաշտպանվելու գրեթե բոլոր հնարավորությունները, մնում է պաշտպանվել ներսում:
Միեւնույն ժամանակ, այդ ագրեսիայի անհրաժեշտությունը նույն նպատակով, նույն շարժառիթներով ունի նաեւ Պուտինը, քանի որ նա ինքն էլ հասկանում է, որ իշխող համակարգում վստահությունն ուղղակի սասանված է, եւ լիովին իրատեսական են դառնում պալատական հեղաշրջման հեռանկարները, առավել եւս, որ դրանց համար անհրաժեշտ հասարակական նախադրյալներ անկասկած առկա են: 

 

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ