Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կարգադրությամբ մարտի 17-ին զինվորական ստորաբաժանումներ են մտցվել մայրաքաղաք Կարակասում ընդդիմության հիմնական պատվարներից մեկը հանդիսացող Չակաոյի շրջան, հաղորդում են լատինամերիկյան ԶԼՄ-ները:

 

Չակաոն բողոքի ակցիաների կենտրոններից մեկն է, որոնք Վենեսուելայում ծավալվել են փետրվարի կեսերից: Արդեն ավելի քան մեկ ամիս երկրում շարունակվող փողոցային անկարգությունների եւ բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում, ըստ վերջին տվյալների, զոհվել է երեսուն մարդ:

 

Կարակասի այդ շրջանում զորամասերի ծավալումը Վենեսուելայի իշխանությունները որակել են «ազատագրում», մինչդեռ Չակաոյի ղեկավարը՝ ընդդիմադիր Ռամոն Մուչաչոն, հանդես է եկել նման միջոցառումների խիստ քննադատությամբ: «Մենք չենք կարող խոսել իրադրության նորմալացման մասին, երբ փողոցներում զինվորականներն ավելի շատ են, քան քաղաքացիական անձինք»,- ասել է նա:

 

Ավելի վաղ Մադուրոն ընդդիմությանը խոստացել էր խիստ միջոցներ ձեռնարկել նրանց նկատմամբ, ովքեր հարձակվում են երկրի բնակիչների վրա: Զորքեր մտցնելուց հետո Չակաոյի Ալտամիրա հրապարակը, որը բողոքի ակցիաների անցկացման վայր էր, վերահսկվում է ազգային գվարդիայի զինվորների կողմից: Սակայն բողոքի ակցիաները շարունակվում են: