Այսօր ընթերցողի դատին հանձնվեց արխիվային փաստաթղթերի, նամակների, մամուլի հրապարակումների և հուշագրությունների հիման վրա գրված' ՀՀ գիտությունների ակադեմիայի առաջատար գիտաշխատող Սուրեն Սարգսյանի «Արմենիա» պարբերականը ազատագրական ակունքերում» աշխատությունը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 18-ին «Թեքեյան» մշակութային կենտրոնում: Մենագրությունը նվիրված է 19-րդ դարի 80-ական թթ. հայ ժողովրդի զարթոնքի ակունքներում կանգնած արևմտահայ նշանավոր գործիչ Մկրտիչ Փորթուգալյանի կյանքի, հասարակական-քաղաքական գործունեության և հայ-քաղաքական մամուլի առաջնեկ «Արմենիա» պարբերականի պատմության լուսաբանմանը: Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով:

Անցյալի տեքստերը և դրանց պատմությունը մեկնաբանվում են վերջերս գրված ծավալուն ծանոթագրություններում:

Շնորհանդեսը նվիրված է ՀՀ ԳԱԱ առաջատար գիտաշխատող, ԵՊՀ և ԵԳՀ համալսարանների դասախոս, ՌԱԿ ատենադպիր Սուրեն Սարգսյանի «Արմենիա պարբերականը ազատագրական գաղափարախոսության ակունքներում աշխատությանը»: Այն բաղկացած է առաջաբանից, չորս գլուխներից, վերջաբանից, օգտագործված աղբյուրների և գրականության ցանկից, թիվ 1 և թիվ 2 հավելվածներից:
Առաջաբանում ասվում է, որ շատ պատմագիտական ուսումնասիրություններում անդրադարձներ կան Մ. Փորթուգալյանի և հայ քաղաքական լրագրության առաջնեկի «Արմենիայի» մասին, սակայն նրանց նվիրված առանձին որևէ ուսումնասիրություն գոյություն չունի: Սույն մենագրությունը գալիս է լրացնելու այդ բացը:

1-ին գլխում արխիվային և հուշագրական հենքի վրա ներկայացված է Մ. Փորթուգալյանի կյանքը, հասարակական-քաղաքական և մանկավարժական գործունեությունը: Ինչպես նաև նրա մեծ դերակատարությունը արևմտահայ ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսության ձևավորման գործում:

2-րդ գլխում «Արմենիայում» տպագրված և այլ օժանդակ նյութերի հիման վրա ներկայացված է 19-րդ դարի վերջին քառորդին արևմտահայության սոցիալ-տնտեսական, քաղաքական, իրավական և հոգեբանական ծանր կացությունը: Քննադատվել են հայ իրականության և հանրային կյանքում եղած թերությունները: Առանձին ենթագլուխ նվիված է «Նամականի» խորագրի ներքո տպագրված նամակ-թղթակցություններին, որոնցում վեր են հառնում հայ մարդու անելանելի կացությունն ու անհուսալի վիճակը թուրք-քրդական բռնատիրության պայմաններում:

3-րդ գլուխը նվիված է «Արմենիայի» ու նրա անփոփոխ խմբագրի կողմից Արևմտյան Հայաստանի ինքնորոշման հայեցակետերի փնտրտուքին և դրանց նկատմամբ ազգային կուսակցությունների ու խոշոր տերությունների վերաբերմունքին ու գնահատականներին:

Վերջաբանում ամփոփված են աշխատության հիմնադրույթները. դարավոր ընդարմացումից վերազարթնած ու ազատագրական պայքարի դրոշը պարզած հայ ազատագրական շարժումը բաժանված է` բողոքների, վերազարթնումի և քաղաքական համախմբման փուլերի, ցույց է տրված, թե ինչպես վանական վարդապետին փոխարինեց աշխարհիկ ուսուցիչը, որն էլ հետագայում դարձավ ազատագրական գաղափարախոսության քարոզիչ, ապա` ազատամարտիկ: Ընդգծված է, որ «Արմենիան» կապ ստեղծեց հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայության միջև: Այն մեծ արժեք է. նրանում առկա են մեծաքանակ արդիական գաղափարներ հայրենիքի, նրա հանդեպ սիրո, հումանիզմի, ժողովրդավարության, կյանքի բարեփոխումների, համազգային մեծ վտանգի` արտագաղթի, մարդ-դրամ հարաբերակցության և այլ կարևոր խնդիրների մասին: Շնորհիվ «Արմենիայի», այսօր կարող ենք հպարտորեն հայտարարել, որ առաջադեմ շատ ժողովուրդների նախանձն է շարժում, որ դարեր շարունակ ծանր կացության պայմաններում ապրող հայը երբեք չկորցրեց իր հոգու կորովը և ոչ միայն մշտապես ձգտեց ազատության, այլև արարեց ու ստեղծագործեց բոլոր դեպքերում և բոլոր պայմաններում: Այնպես որ, «Արմենիան» մեզ հուշում ու սովորեցնում է' ապագան մերն է լինելու…սովորեցնում է` ապագան մերն է լինելու…

«Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը` ներկայացնելով գրքի ստեղծման պատմությունը, նշեց, որ մի քանի տարի առաջ Սուրեն Սարգսյանի հետ զրուցելիս ափսոսանք է հայտնել, որ Մկրտիչ Փորթուգալյանի «Արմենիան» անմատչելի է շատ շատերին:

«Այն պարբերական է, որը հսկայական դեր է կատարել ազատագրական շարժման և ազգային կուսակցությունների սկզբնավորման գործում: Հանդիսացել է թերթ, որտեղ այդ ժամանակվա կարևորագույն մտավորականներն իրենց խոհերը, մտքերն ու առաջարկներն են ներկայացրել»,-ասաց Ավետիքյանը' հավելելով, որ որպես այդ ափսոսանքի գործնականացում էլ որոշում է կայացվել հրատարակել հավաքված նյութը մեկ աշխատությամբ:

«Մեզ օգնության են հասել Արգենտինայի «Արզումանյան» հիմնադրամը և այնտեղի ընկերներից' Սերխիո Նահապետյանը, ում աջակցությամբ էլ հնարավոր է դառնում գրքի լույս ընծայումը»,- ընդգծեց «Ազգ» թերթի գլխավոր խմբագիրը: Նա տեղեկացրեց, որ երկու շաբաթ առաջ «Արմենիա» պարբերականը ազատագրական ակունքերում» գրրքի շնորհանդես է տեղի ունեցել նաև Բեյրութում:

«Այն արժանի է, որ Հայաստանի այլ քաղաքներում նույնպես ներկայացվի:

Այս գիրքը ոչ միայն պատմաբանների, բանասերների, ուսումնասիրողների համար է կարևոր, այլև բոլոր նրանց, ում հետաքրքիր է ազատագրական շարժման գաղափարախոսությունը»,- հավելեց Ավետիքյանը:

«Ի տարբերություն Սուրեն Սարգսյանի այլ աշխատությունների, այս աշխատանքի հանդեպ ես հատուկ պատասխանատվությամբ եմ մոտեցել: Մեզանից շատերն այս թեման ուսումնասիրելիս դիլեմայի առաջ են կագնել, խոսքր վերաբերում է Մկրտիչ Փորթուգալյան-արմենականներ փոխհարաբերություններին, քանի որ դասագրքերում գրվում էր, որ նա այս կուսակցության հիմնադիրներից է, սակայն այս մոտեցումը հետագայում փոխվեց» ,- պարզաբանեց ՀՀ ԳԱԱ պամության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը< /b>' հավելելով, որ հետաքրքրական է «Արմենիա»-ի ողջ գործունեության ընթացքը:

Մելքոնյանն ընդգծեց, որ այս աշխատությունը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ հայկական ազգային-ազատագրական կուսակցությունների միջև գոյություն ունեցող տարաձայնություններն իրականում միայն մարտավարական էին:

Նա շնորհակալություն հայտնեց հեղինակին անաչառ և ապակուսակցական մոտեցման համար:

Չորս գլուխներից բաղկացած աշխատության մեջ պատմաբանը ներկայացնում է հայ ազատագրական պայքարի նվիրյալ Մկրտիչ Փորթուգալյանի և նրա «Արմենիա»-ի անփոխարինելի դերակատարությունը ազգային-ազատագրական գաղափարախոսության մշակման և այն ժողովրդի սեփականությունը դարձնելու գործում: Հեղինակի կարծիքով, այս աշխատությունը կլրացնի այն բացը, որն առկա էր Փորթուգալյանի կատարած աշխատանքն ուսումնասիրելու գործում:

Շնորհանդեսին ներկա էին հասարակական, քաղաքական գործիչներ:

Սուրեն Սարգսյանը գիրքը նվիրում է ծնողների' Թարխան և Գյուլխանում Սարգսյանների, ինչպես նաև եղբորը' Ալբերտ Սարգսյանի հիշատակին:

Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ: