ՀՀ կառավարության' այսօր ընդունված որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում նախատեսված հակահեղեղային առաջնահերթ միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար հատկացվել է մոտ 51 մլն դրամ: Որոշումն ընդունվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ այսօր կայացած կառավարության հերթական նիստում:

 

2014թ. իրականացվելիք հակահեղեղային միջոցառումների ցանկը նախապատրաստել է ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը՝ տեղերում կատարած ուսումնասիրության արդյունքում: Հեղեղումից առաջացած տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքները մեղմելու և սպառնացող վնասի նվազեցման միջոցառումների մշակումն ու իրականացումըմ, սկսած 2007 թվականից, դարձել են երկրում վարվող պետական քաղաքականության գերակայություններից մեկը:

 

Այս որոշման իրականացմամբ կկազմվեն Արաքս, Քասախ, Գեղարքունիք, Գավառագետ, Հրազդան, Կավարտ, Հովվաջուր գետերում, Բռնակոթի և Վերիշենի հեղեղատներում հակահեղեղային աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: