2014 թվականի մարտի 13-ի դրությամբ Հայաստանում ունենք գրանցված 75 կուսակցություն: Ցանկում կան կուսակցություններ, որոնց գործունեությանը և նպատակներին հասարակության մի զգալի հատված ծանոթ չէ:

 

Լուրեր.com-ը սկսել է հարցազրույցների շարք, կուսակցությունների գործունեության և նպատակների մասին:

 

Լուրեր.com-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:


-Կպատմե՞ք կուսակցության անվան ծագումնաբանության մասին:

 

-Պահպանողական կուսակցությունը նորանկախ Հայաստանում 3-րդ գրանցված քաղաքական կազմակերպությունն է: Գրանցվել է 1991թ.-ին: Անունը մեկնաբանման կարիք չունի. այն համաշխարհային քաղաքականության մեջ երեք ընդունված հոսանքներից է:


-Ի՞նչ գործունեություն եք այսօր ծավալում:

 

-Պահպանողական կուսակցության ծավալած գործունեությունը հրապարակային է, ինչին հնարավոր է ծանոթանալ կուսակցության կայքից և ՖԲ էջից:


-Կուսակցությունը քանի՞ անդամ, համակիր ունի:

 

-Պահպանողական կուսակցության գրանցված անդամների թիվը մոտ չորս հազար է, իսկ համակիրների մասին կարող ենք դատել ընտրությունների ընթացքում կուսակցությանը տրված քվեների քանակով:


-Կուսակցությունը դրամական եկամուտներ ո՞ւնի: (Եթե այսօր չունեք ֆինանսական եկամուտներ և չեք կարողանում լայնածավալ գործողություն ծավալել, ավելի նպատակահարմար չէ՞ միանալ ընդդիմադիր որևէ կուսակցության և շարունակել պայքարը):

 

-Պահպանողական կուսակցությունն այսօր դրամական եկամուտներ չունի ճիշտ այնպես, ինչպես ցանկացած ավտորիտար պետության մեջ չկոռումպացված քաղաքական կազմավորում: Իսկ միանալ որևէ կուսակցության հնարավոր է, եթե ներկա Հայաստանում գտնվեր գեթ մեկ չկոռումպացված, բառի քաղաքական իմաստով ընդդիմադիր և ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ գաղափարախոսական հոսանքը ներկայացնող կառույց:


-Այսօր ներքաղաքական իրավիճակում լարված մթնոլորտ է: Բողոքի ակցիաներ են լինում ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի, ընդդեմ Հայաստանի Մաքսային միությանն անդամագրվելուն, ընդդեմ գազի պայմանագրի: Ո՞րն է այս հարցերի շուրջ Ձեր կուսակցության դիրքորոշումը. կուսակցության անդամները մասնակցո՞ւմ են բողոքի ակցիաներին:

 

-Ամբողջ աշխարհում պահպանողականների համար «ընդդեմ»-ն ինքնանպատակ լինել չի կարող: Ձեր տարողունակ հարցի առաջին մասով. պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգն ինքնին ողջունելի է, խնդիրն այն հրապարակ բերած իշխանության հանդեպ վստահության գրեթե զրոյական մակարդակի, իրականացման առաջարկվող ժամանակային անհամարժեքության և, վերջին հաշվով, ապագա Հայաստանի տեսլականի մեջ է, ուստի Պահպանողական կուսակցությունը հարցի այլափոխման համատարած աղմուկի մեջ չի կարող հիրավի կառուցողական երանգ բերել և որդեգրել է իր անդամներին և ենթադրելի համակիրներին չուղղորդելու սկզբունքը:

 

Հարցի երկրորդ մասով. Պահպանողական կուսակցությունն իր բացասական դիրքորոշումը պաշտոնապես հայտնել է Մաքսային Միության մեջ մտնելու կապակցությամբ, սակայն վստահ ենք, որ ցանկացած հրապարակային ընդվզում այս պահին կարող է ունենալ անդառնալի հետևանքներ, մենք Վրաստանի նման ավելորդ Աբխազիա և Ուկրաինայի նման՝ ավելորդ Ղրիմ չունենք զոհաբերելու թեկուզև հանուն ամենանվիրական գաղափարի, մենք մեր զոհաբերումների լիմիտը, ցավոք, սպառել ենք Առաջին համաշխարհայինի ընթացքում, Արցախյան պատերազմում, ուստի պահպանողականներս ամենևին չենք պատրաստվում արկածախնդրությամբ մեր ժողովրդին դնել ռուսական մեռնող կայսրության զոհասեղանին:

 

Հարցի երրորդ մասով. գազային պայմանագիրը սոսկ կոռումպացված իշխանությունների ապաշնորհության և ընչաքաղցության հետևանք չէ, այն պետք է դիտարկել համաշխարհային ուժային կենտրոնների աշխարհառազմավարությունների շրջանակում, ուր պարզ կերևա մեր երկրի ներկա թշվառության աստիճանը, բայց եթե այս կարևոր խնդրով հայրենակենտրոն օրակարգ ձևավորվի, թեև այդպիսի բան հնարավոր չէ ակնկալել դրածո իշխանություններից և ընդդիմություն հորջորջվողներից, ապա Պահպանողական կուսակցությունն իր վտիտ հնարավորություններով կփորձի բերել իր բաժին նպաստը:

 

Որպեսզի հանկարծ թյուր տպավորություն չստեղծվի, թե ուղիղ՝ հարթաչափական պատասխաններ չտրվեցին, ամփոփենք՝ կուսակցության շատ անդամներ մասնակցում են բողոքի ակցիաներին, բայց, հաշվի առնելով այդ ակցիաների կազմակերպիչների՝ խնդիրները մակերեսային դարձնելու քաղաքականությունը, առանց ավելորդ խանդավառության և առանց հաջողություններ արձանագրելու ակնկալիքի է այդ մասնակցությունը:



Գայանե Համբարձումյան