Հայաստանում շինարարության ոլորտում երկարատև անկումից հետո արձանագրված աճը պայմանավորված է մի քանի խոշոր կառույցների շահագործմամբ, պետական բնակարանաշինության ծրագրի ակտիվացմամբ: Շինարարության ոլորտի աճը կշարունակվի ավելի ինտենսիվ, եթե կառավարությունը ստեղծի հիմնադրամներ' էժան բնակարանաշինության համար:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով երկարատև անկումից հետո հանրապետությունում արձանագրված շինարարության ոլորտի աճի պատճառները: Տնտեսագետը նշեց, որ շինարարության ակտիվացման հետ կապված երկու մոտեցում կա: Առաջինը՝ մի քանի նոր օբյեկտների բացումը՝ մասնավորապես «Երևան» մոլի, որը Մակարյանի խոսքով՝ միայն ներդրում չէր, այլ նաև խոշորագույն շինարարական նախագիծ:

 

Շինարարության ակտիվացման երկրորդ պատճառն այն է, որ կառավարությունը փորձում է խթանել բնակարանաշինությունը և շինարարական որոշակի ծրագրեր իրականացնել մարզերում և Երևանում»,-նշեց Մակարյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը նույնպես ակտիվացրել է շինարարությունն ու սկսել է խարխուլ շենքերի փոխարինումը նոր և բարձրահարկ շենքերով: Տնտեսագետի կարծիքով' շինարարության վերելքը Հայաստանում կշարունակվի:

 

«Եթե կառավարությունը գնա նրան, որ էժան շինարարությունների ֆոնդեր ստեղծի, (400-420 դոլար մեկ քառակուսի մետրի արժեքով, այլ ոչ 800-900 դոլար) որը նաև նպատակ կունենա Ռուսաստանից և Ուկրաինայից վերարձող միգրանտներին ինտեգրելուն, քանի որ նրանք հիմնականում շինարարական ոլորտներում են աշխատում, ապա մենք ավելի լավ ցուցանիշ կունենանք: Եթե ոչ' այս տարի ոլորտի աճը որոշակի չափով կշարունակվի և տարվա կտրվածքով, ես կարծում եմ, շինարարության լավ ցուցանիշ կլինի»,- նշեց Մակարյանը: