Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը ոչ իշխանական ուժերի համախմբումը համարում է առողջ քաղաքական գործընթաց, հատկապես, երբ այդ համախմբումը կրում է «սիրահոժար ձև»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

 

«Ես ողջունում եմ քաղաքական համախմբումները, քանի որ մեր երկրում քաղաքական գործընթացների արդյունավետ իրականացման համար նման համախմբումները չափազանց օգտակար են' թե իշխանական, թե ոչ իշխանական թևում: Հաշվի առնելով այն իրողությունը, որ այս համախմբումը կրում է սիրահոժար ձև, այսինքն'առանց որևէ մեկի կամքի նկատմամբ բռնացումների է իրականանում, կարծում եմ, որ առողջ գործընթաց է ընթանում, որը որոշակի ժամանակ հետո կգա իր տրամաբանական հանգրվանին: Ես ենթադրում եմ, որ կամ այլընտրանք քաղաքական ուժը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն-հեղ.) մյուս ուժերին կտեղափոխի այլընտրանք դաշտ կամ ընդդիմադիր ուժերն այլընտրանք քաղաքական ուժին կտեղափոխեն ընդդիմադիր դաշտ»,-ասաց Գագիկ Մինասյանը' հավելելով, որ ինքը չի բացառում այն իրավիճակը, երբ ապագայում կլինի իշխանություն և այլընտրանք տարբերակը, իսկ ընդդիմություն գոյություն չի ունենա, մանավանդ որ ԲՀԿ առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ իր ղեկավարած ուժն ընդդիմություն չէ:

 

Անդրադառնալով ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի հայտարարությանը, ըստ որի, իրենք համաձայնության են եկել ԱԺ որոշման նախագծով ապրիլի 28-ին անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը' պատգամավորը նշեց, որ դա այդ ձևով տեղի չի ունենա: «Ապրիլի 28-ից մի քանի օր հետո' սահմանված կարգի համաձայն' կառավարությունը պետք է ԱԺ-ին ներկայացնի նախորդ տարվա բյուջեի կատարողականը և «ԱԺ կանոնակարգ» օրենքը նախատեսում է նաև կառավարության հրաժարականի պահանջ, երբ մեծամասնությունը դեմ է քվեարկում բյուջեի կատարողականին: Ես համոզված եմ, որ ոչ իշխանական ուժերը կօգտվեն այդ հնարավորությունից, որը շատ ավելի մեծ ֆորմատ է պատկերացնում, ավելի հրապարակային գործընթաց է նախատեսում, արծարծվող հարցերի նկատմամբ խորամուխ վերաբերմունք»,-ասաց Գագիկ Մինասյանը:

 

Ոչ իշխանական չորս քաղաքական ուժերը եկել են համաձայնության ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում: Նրանք նախատեսում ենք անցկացնել ստորագրահավաք ԱԺ պատգամավորների շրջանում և ապրիլի 28-ի հերթական քառօրյայի ժամանակ ներկայացնել կառավարության անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ: Համագործակցության նպատակով հանդիպումներ են տեղի ունենում Ազգային ժողովի ոչ իշխանական քաղաքական ուժերի միջեւ: Մարտի 11-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների ներկայացուցիչների հանդի պումը: Դրան հաջորդել է «Ժառանգություն»-ԲՀԿ հանդիպումը: Իսկ խորհրդարանում հանդիպում են քաղաքական ուժերի խմբակցությունները, վերջին հանդիպմանը նրանք որոշել էին մարտի 19-ին ներկայացնել իրենց հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը: